Պատվաստումն ինչպե՞ս է օգնում հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարին

19:08   19 դեկտեմբերի, 2016

Բժշկության եւ առողջապահության բնագավառում միջազգային խոշորագույն կազմակերպությունների մասնագետները հակաբիոտիկակայունության դեմ հաջող պայքարի համար խորհուրդ են տալիս միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում՝ հակաբիոտիկների միայն բժշկի դեղատոմսով դուրսգրում եւ պատվաստումներ: Առաջին միջոցառման հարցում ամեն ինչ հասկանալի է՝ եթե մարդիկ չսկսեն հակաբիոտիկներ գնել եւ ընդունել իրենց հայեցողությամբ, դա կօգնի նվազեցնել այդ դեղամիջոցների նկատմամբ ռեզիստենտության զարգացման հավանականությունը: Իսկ ինչպե՞ս է պատվաստումն օգնելու հակաբիոտիկակայունության դեմ պայքարին:

Այս հարցի պարզաբանման նպատակով NEWS.am Medicine-ը զրուցեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ոչ ինֆեկցիոն հիվանդությունների եւ ներհիվանդանոցային ինֆեկցիաների բաժնի պետ Ռոմելա Աբովյանի եւ նախարարության աշխատակազմի հասարակական առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանի հետ:

Հայաստանում այսօր կիրառվող պատվաստանյութերի մեծ մասը պաշտպանում են վիրուսային հիվանդություններից: Վիրուսային հիվանդությունների դեպքում, սակայն, հակաբիոտիկներ չեն օգտագործվում, միայն բակտերիալ հիվանդությունների: Այդ դեպքում ի՞նչ կապ կարող է լինել պատվաստման եւ հակաբիոտիկակայունության միջեւ:

Մասնագետները պարզաբանեցին, որ վիրուսային հիվանդությունների մեծ մասը, որոնց դեմ Հայաստանում պատվաստում է կատարվում, կարող են հանգեցնել բակտերիալ բարդությունների, օրինակ՝ կարող են թոքաբորբ առաջացնել կամ ուղեղի բորբոքային պրոցեսներ: Այսպիսի բակտերիալ բարդություններն արդեն ստիպված են հակաբիոտիկների օգնությամբ բուժել:

Սակայն, եթե մարդը վիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինի, նա ավելի շուտ դրանով չի հիվանդանա, իսկ եթե նույնիսկ հիվանդանա, ապա այն հեշտ կընթանա, առանց բարդությունների: Այսպիսով, եթե նրա մոտ բակտերիալ բարդություն չլինի, հակաբիոտիկներ ընդունելու անհրաժեշտություն էլ չի լինի: Նշենք, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացման հիմնական պատճառը դրանց սխալ, չհիմնավորված կիրառումն է. սխալ դեղամիջոցների ընդունման կամ բակտերիայի բուժման կուրսի ընդհատման հետեւանքով, որոնք պետք է ոչնչանային, դրանք կենսունակ են մնում եւ դեղամիջոցի նկատմամբ կայուն դառնում:

«Այսպիսով, վիրուսային հիվանդությունները կանխելով՝ մենք նաեւ կանխում ենք հակաբիոտիկների չհիմնավորված օգտագործումը»,- պարզաբանեց Քրիստինա Գյուրջյանը:

Հակաբիոտիկակայունության դեմ պայքարում եւ այդ դեղամիջոցների օգտագործման նվազման հարցում պատվաստման արդյունավետությունն ապացուցվել է Ֆրանսիայի վերջին օրինակով. մասնագետներն ասացին, որ մինչեւ 2000 թվականը Ֆրանսիայում թոքաբորբից մահվան մեծաթիվ դեպքեր էին գրանցվում: 2000 թվականին այնտեղ ներդրեցին պնեւմակոկային պատվաստանյութ (պնեւմակոկային ինֆեկցիայի բարդություններից մեկը հենց թոքաբորբն է), եւ 2003-2004 թվականներին ամբողջ երկրում հակաբիոտիկների օգտագործումը 48 տոկոսով կրճատվեց: Այսպիսի զգալի կրճատումը չի կարող դերակատարում չունենալ հակաբիոտիկակայունության դեմ պայքարում:



© NEWS.am Medicine