Օրական երկու կիվի ուտելով՝ կազատվեք հոգնածությունից եւ դեպրեսիայից

19:49   20 դեկտեմբերի, 2016

Սննդակարգում կանոնավորապես կիվի ներառող մարդիկ ավելի քիչ են հոգնածություն զգում եւ դեպրեսիա ունենում: Նման եզրահանգման են եկել նորզելանդական Օտագոյի համալսարանի մասնագետները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Nutritional Science-ում:

Գիտնականների փորձին 54 երիտասարդ է մասնակցել, որոնց երկու խմբի են բաժանել. վեց շաբաթ շարունակում մի խմբին օրական կես կիվի են տվել, երկրորդ խմբին՝ երկու կիվի:

Երկրորդ խմբի կամավորների օրգանիզմում C վիտամինի մակարդակն արագորեն բարձրացել է: Ըստ մասնագետների՝ արդյունքում նրանք, ի տարբերություն մյուսների, ավելի աշխույժ են եղել, քիչ են դեպրեսիա ունեցել:

Բացի այդ՝ կիվին կենսաբանորեն ակտիվ միացություններ է պարունակում, որոնք նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը, օգնում հիպերտոնիայի դեպքում, լավացնում են մարսողությունն ու ամրապնդում իմունային համակարգը: Դիետոլոգների հավաստմամբ՝ այս բոլոր նյութերը մարդուն պաշտպանում են սթրեսի հետեւանքներից: 



© NEWS.am Medicine