Երեւանցիների 89%-ն Ամանորը տանն է նշելու. հետազոտություն

15:52   24 դեկտեմբերի, 2016

Երեւանցիների 89%-ը ծրագրում է Ամանորը տանը նշել, 2%-ը՝ սրճարանում կամ ռեստորանում: Այս մասին են վկայում GALLUP International association-ի հայկական գրասենյակի անցկացրած հարցման արդյունքները:

Հարցվածների 3%-ը հաղորդել է, որ ծրագրում է տոներն արտերկրում անցկացնել, 2%-ը՝ Հայաստանի այլ քաղաքում: Եվս 5%-ը պատրաստվում է Նոր տարին նշել ընկերների կամ հարազատների տանը:

Լրագրողների հետ զրույցում գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ նման հետազոտություններ նախկինում նույնպես անցկացվել են, եւ վերջինի արդյունքներն այնքան էլ չեն տարբերվում նախորդներից: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ամանորյա տոներին բոլոր ռեստորանները, բարերն ու սրճարանները լիքն են, բայց իրականում այդ հաստատություններում Ամանորը նշում է երեւանցիների չնչին մասը միայն: Մարդկանց մեծ մասը նախընտրում է Նոր տարին դիմավորել ընկերների կամ հարազատների հետ:

Պատասխանելով հարցին, թե ե՞րբ են սկսում պատրաստվել ամանորյա տոներին, հետազոտության մասնակիցների 59%-ը խոստովանել է, որ վերջին 10 օրվա ընթացքում: 31%-ը նշել է, որ պատրաստվում է դեկտեմբերի սկզբից, 2%-ը՝ դեռեւս նոյեմբերից, իսկ 8%-ը նշել է, որ ընդհանրապես չի պատրաստվում:

Երեւանցիների 49%-ի համար տոնական պատրաստությունները հաճելի իրարանցում են, 12%-ի համար՝ ձանձրալի, հոգնեցնող զբաղմունք, 24%-ի համար՝ անխուսափելի պարտականություն: Սակայն յուրաքանչյուր երկրորդ հարցվածի մոտ ամանորյա տոներն ասոցացվում են ավելորդ ծախսերի հետ:

Ինչ վերաբերում է տոնածառին. երեւանցիների 71%-ը նշել է, որ արհեստական տոնածառ է նախընտրում, 24%-ը պատրաստվում է բնական տոնածառ գնել: Եվս 9%-ը նշել է, որ ընդհանրապես տոնածառ չի զարդարելու:

Հետազոտությունն անցկացվել է այս տարվա դեկտեմբերի 7-19-ը, հարցմանը 800 մարդ է մասնակցել:



© NEWS.am Medicine