Խաղի կանոնները նախարարությունն է թելադրում. չգրանցված դեղորայքի վաճառքը կքրեականացվի

17:24   27 դեկտեմբերի, 2016

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ պատրաստել, որով չգրանցված դեղորայքի վաճառքը Հայաստանում կքրեականացվի: Դեկտեմբերի 27-ին կայացած տարվա ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտարարեց նախարարը՝ մեկնաբանելով դեղատների սեփականատերերի բողոքներն այն մասին, որ իրենց տուգանում են չգրանցված դեղորայք վաճառելու համար, մինչդեռ դրանք ներկրողներից ձեռք են բերում օրինական հիմունքով:

«Առողջապահության նախարարությունը թելադրում է խաղի կանոնները, եւ խախտել այդ խաղի կանոնները թույլատրված չէ։ Եթե բավական չեն տուգանքները, հարցը կքրեականացվի»,- ասաց Լեւոն Ալթունյանը:

Ճշտող հարցին, արդյո՞ք պետք չէ ներկրողներին պատժել չգրանցված դեղորայքի ներկրելու համար, այլ ոչ թե վաճառողներին, նախարարը պատասխանեց, որ կաշառք տալիս պատասխանատվություն են կրում ե՛ւ կաշառք տվողը, ե՛ւ վերցնողը:

«Չի կարող բերողը մեղավոր լինել, վաճառողը՝ մեղավոր չլինել։ Վաճառողը պարտավոր է ստուգել օրինականության բոլոր փաստաթղթերը եւ վերցնել միայն օրինական ներմուծված դեղերը»,- ասաց նա։



© NEWS.am Medicine