Դեղավաճառների համար Ամանորի թեժ նախօրե. «Պետությունը միտումնավոր մեզ սնանկացման է տանում»

23:42   29 դեկտեմբերի, 2016

Հայաստանում 2017-ի նախօրեին դեղատների սեփականատերերի համար «թեժ» իրավիճակ է ստեղծվել. առողջապահության պետական տեսչությունը չգրանցված դեղերի հայտնաբերման նպատակով մեծածավալ ստուգումներ է սկսել եւ տուգանքներ է նշանակում դեղատներին, բայց դեղատների սեփականատերերը չեն հասկանում, թե ինչու են իրենց տուգանում, այլ ոչ թե ներմուծողներին:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում երեւանյան դեղատներից մեկի սեփականատերը հայտնեց, որ իր դեղատնից հետազոտության համար 9 անուն դեղ է վերցվել, եւ դրանցից 5-ի համար Դեղերի փորձագիտական կենտրոնը  եզրակացրել է, որ Հայաստանում գրանցված չեն: Նրա խոսքով՝ դեղերն ինքը ձեռք է բերել օրինական հիմունքներով ներմուծող տարբեր ընկերություններից, որոնց թվում են  «Վագա Ֆարմը», «Արգո Ֆարմը», «Նատալի Ֆարմը» եւ այլն: Նա ունի բոլոր հաշիվ-ապրանքագրերը, այդուհանդերձ, տեսչությունը նրան 100 հազար դրամով տուգանել է՝ ի դեպ, հայտարարելով, որ նրան հին օրենքով են տուգանել (ստուգումը կատարվել է մինչեւ դեկտեմբերի 15-ը), իսկ եթե կիրառեին «Դեղերի մասին» նոր օրենքը, ապա տուգանքի գումարը մի քանի անգամ մեծ կլիներ:

Նրա առարկությանը, թե չգրանցված դեղերի համար պետք է ներմուծողը պատասխան տա, իրեն ասել են, որ ինքը պարտավոր է մատակարարվող դեղերը ստուգել՝ համեմատելով Դեղերի փորձագիտական կենտրոնի կայքի տվյալների հետ: «Ես ամեն օր դեղ եմ ստանում, այդ ցուցակում հարյուրավոր անուններ կան, ես ինչպե՞ս կարող եմ այդ ամենը ստուգել»,- մեզ հետ զրույցում ասաց դեղատան սեփականատերը:

Մեկ այլ դեղատանը ստուգումներն անցկացվել են դեկտեմբերի 15-ից հետո, 21 անուն դեղերից չգրանցված են ճանաչել 12-ը եւ տուգանքի չափը որոշել են 900 հազար դրամ (արդեն նոր օրենքով): NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս դեղատան սեփականատերը եւս նշեց, որ տեսչությանը ներկայացրել է բոլոր հաշիվ-ապրանքագրերը, որոնց համաձայն այդ դեղերը ձեռք են բերվել տարբեր ներմուծողներից, նաեւ ցույց է տվել, որ նշված բոլոր դեղերը ներառված են Հայաստանում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում: Նրա խոսքով՝ հենց այս գրանցամատյանն է տեղեկատվության պաշտոնական աղբյուրը, այլ ոչ թե Դեղերի փորձագիտական կենտրոնի կայքը: Գործարարը կարծում է, որ այս ամբողջ խառնաշփոթը առաջացել է նոր օրենքի ոչ հստակ ձեւակերպումների հետեւանքով, ինչի մասին ոլորտի ներկայացուցիչները բազմիցս նախազգուշացրել են:

Նրա խոսքով՝ դեղերի մասին հին օրենքի համաձայն (իսկ հիմա իրացվող դեղերը ձեռք են բերվել դեռեւս հին օրենքի գործելու ժամանակ), Հայաստանում թույլատրվում է միայն հանրապետությունում գրանցված դեղերի ներկրումը, արտադրությունը, պահպանումը, բաշխումը եւ իրացումը: Տվյալ դրույթի տրամաբանությամբ՝ եթե դեղն արդեն շրջանառության մեջ է, այն կամ Հայաստանում է արտադրվել, կամ ներմուծվել է Հայաստանի մաքսային օրենսդրությանը համապատասխան: Այն, որ այդ դեղերը մաքսանենգ չեն, վկայում են դրանց վրայի դրոշմապիտակները:

Մեզ հետ զրույցում նա հավելեց, որ, փաստորեն, փոքր դեղատները, որոնք դեղերը ձեռք են բերել օրինական հիմունքներով, խոշոր գումարներով տուգանվում են, իսկ ներմուծողները ոչ մի պատիժ չեն կրում: Ստացվում է, որ պետությունը իր գործողություններով փոքր դեղատները միտումնավոր սնանկության է տանում:

«Արգո Ֆարմ» (ներմուծող) եւ «Ռիթմ Ֆարմ» (36.6 ցանց) ընկերությունների համասեփականատեր Գուրգեն Ասրյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ ցանցի դեղատներում ստուգումներից հետո ինքը գործին փաստաբանների է ներգրավել: Նրա խոսքով՝ տեսչությունը ստուգումներն անցկացրել է օրենքի խախտումով, եւ իրենք մտադիր են դա ապացուցել: «Վարչապետը հանձնարարել է դեղերի շուկան ուսումնասիրել այն նպատակով, որ փոքր բիզնեսը պաշտպանվի, դեղերն ավելի հասանելի դառնան, իսկ իրականում նրանք փոքր դեղատներին են տուգանում»,- ասաց նա, հավելելով, որ դա կարող է բերել այդ դեղատների փակմանը։ Գուրգեն Ասրյանն, իր հերթին, նույնպես նշեց, որ բոլոր դեղերը, որոնց խոսքը վերաբերում է, գրանցված են դեղերի պետական գրանցամատյանում, սակայն Դեղերի փորձագիտական կենտրոնը դրանց բացասական եզրակացություն է տվել: Սեփականատիրոջ խոսքով՝ «Արգո Ֆարմը» դեղերի մի մասը ներմուծում է Եվրասիական տնտեսական միության շուկայից, եւ ստացվում է, որ մի կողմից խոսվում է ԵՏՄ երկրների հետ առեւտրի խրախուսման մասին, իսկ մյուս կողմից՝  այդ գործունեությունը ապօրինի է հայտարարվում:

Նա նշեց, որ այսօր առավոտից փոքր դեղատներից մեկի սեփականատիրոջ հետ փորձել են Առողջապահության նախարարության թեժ գծով պատասխան ստանալ, թե դեղատան տերն ինչպես պետք է ստուգի՝ դեղը Հայաստանում գրանցված է, թե ոչ, սակայն այդպես էլ հստակ պատասխան չեն ստացել: Ինչ-որ մեկն իրենց խորհուրդ տվեց դեղերը տանել Փարձագիտական կենտրոն, այդպիսի յուրաքանչյուր փորձաքննությունը 24 հազար դրամ արժե, իսկ դեղատունը կարող է հարյուրավոր անուն դեղ պատվիրել:

«Համաձայն եմ՝ թող քրեականացնեն, թող անգամ դրա համար գնդակահարեն, բայց թող նախ բացատրեն, թե ինչպես իմանանք՝ դեղը Հայաստանում գրանցված է, թե ոչ, դրանից հետո թող գնդակահարեն կամ կախեն»,- ասաց նա:

«Ալֆա Ֆարմ» ներմուծող ընկերության տնօրեն Միքայել Մացակյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ ընկերության ներկրած դեղերի թվում ոչ մի չգրանցված դեղ չկա, եւ դա հաստատվել է նաեւ ստուգումների ընթացքում: Այլ հարց է, որ ուրիշ ընկերություններից ձեռք բերված այդպիսի դեղեր կարող են լինել «Ալֆա Ֆարմի» դեղատների ցանցում: Սակայն Միքայել Մացակյանը չցանկացավ բացահայտել «Ալֆա Ֆարմի» ցանցում ստուգումների մանրամասները՝ նշելով, որ հիմա հարցը քննարկվում է, եւ իրենք Առողջապահության նախարարության հետ խորհրդատվություններ են անցկացնում՝ հասկանալու համար, թե դեղատներն ինչպես պետք է վարվեն ներքին գնումների դեպքում, որպեսզի օրենքը չխախտեն: Նա նաեւ նշեց, որ կիսում է փոքր դեղատների սեփականատերերի մտահոգությունները, եւ համաձայն է, որ տվյալ դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվեն ներմուծողները:

«Վագա Ֆարմի» ղեկավար Վահե Վարսանյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում առողջապահության տեսչության գործողությունները «ռեկետ» անվանեց եւ նշեց, որ ինքը պատրաստ է «Վագա Ֆարմի» ներմուծած դեղերի մասով դատարան դիմել: Ընկերության ղեկավարը հավաստիացրեց, թե թույլ չի տա, որ իր ընկերության ներկրած դեղերի պատճառով դեղատների վաճառողները տուժեն: Վահե Վարսանյանը նույնպես վկայակոչեց Հայաստանի դեղերի պետական գրանցմատյանը՝ նշելով, որ այն բոլոր դեղերը, որոնց համար հիմա դեղատներին տուգանում են, գրանցմատյանի մեջ են ընդգրկված:

Նա հայտնեց, որ ստուգումներ են անցկացվել նաեւ «Վագա Ֆարմի» դեղատների ցանցում, սակայն արդյունքներն իրենց դեռ հայտնի չեն: Նա իր քայլերը կկոնկրետացնի ամանորյա տոներից հետո, երբ կստանա ստուգման եզրակացությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարել է, որ հանձնարարել է Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքը քրեականացնել: Դեղատների սեփականատերերի բողոքի կապակցությամբ նա ասել է, որ կաշառք տալու դեպքում պատասխանատվության ենթարկվում են եւ՛ կաշառք տվողը, եւ՛ վերցնողը:

 



© NEWS.am Medicine