Ճանաչենք հիվանդությունները. օստեոարթրոզ

18:58   6 հունվարի, 2017

Դուք հավանաբար որոշ հիվանդությունների մասին ոչ մի անգամ չեք լսի, եթե, իհարկե, բժիշկ չեք: Սակայն կան հիվանդություններ, որոնց կարող է յուրաքանչյուրը բախվել, եւ չի կարելի դրանց մասին չիմանալ:

NEWS.am Medicine-ի նոր խորագրի ներքո մենք ներկայացնում ենք այն հիվանդությունները, որոնց մասին յուրաքանչյուրը պետք է իմանա, որպեսզի պատկերացում կազմի, թե դրանք իրենցից ինչ վտանգ են ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել եւ ինչ պետք է անել, եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք:

Այսօրվա թեման օստեոարթրոզն է: «Աստղիկ» բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Գալստյանը NEWS.am Medicine-ին օգնեց հիվանդության մասին ավելին իմանալ:

Օստեարթրոզ

Օստեոարթրոզը հոդերի տարածված դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություն է, որն առաջացնում է հոդերի մակերեւույթների' աճառային հյուսվածքների ձևափոխություններ:

Օստեոարթրոզը սկզբունքորեն կարող է առաջանալ ցանկացած հոդում: Առավել հաճախ ախտահարվում են դաստակի եւ ոտնաթաթի մանր հոդերը կամ, այսպես կոչված, հենման հոդերը, որոնց թվին են դասվում ծնկային եւ կոնք-ազդրային հոդերը: Գոյություն ունի նաեւ միանգամից մի քանի հոդերի ախտահարմամբ օստեոարթրոզի տեսակ՝ պոլիօստեոարթրիտ:

Ախտանշանները

Օստեոարթրոզի դեպքերի մեծ մասում այն կարող է երկար ժամանակ երեւան չգալ, չնայած մասնագետը ռենտգենով կարող է հստակ որոշել հոդերի ախտահարումը: Վաղ փուլերում հենց ակնհայտ ախտանշանների բացակայության պատճառով է օստեոարթրոզը երբեմն բավական ուշ ախտորոշվում, բարձիթողի վիճակում:

Օստեոարթրոզի հիմնական ախտանշաններն են հոդերում հիվանդագին զգացումները, որոնք սաստկանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում: Շատ հիվանդներ նաեւ նշում են առավոտյան ժամերին հոդերի շարժունակության դժվարացման մասին, ինչն արթնանալուց հետո շուտով անցնում է:

Տարածվածությունը

Կարծիք կա, որ օստեոարթրոզով տառապում է աշխարհում մարդկանց 12-20 տոկոսը: Այս հիվանդությունը 3 անգամ ավելի հաճախ է հանդիպում կանանց շրջանում, հատկապես 50 տարեկանից հետո. դաշտանադադարից հետո տեղի ունեցող հորմոնալ խանգարումները մեծացնում են օստեոարթրոզի առաջացման հավանականությունը:

Որոշ փորձագետներ կարծում են, որ 2050 թվականին յուրաքանչյուր երրորդ մարդը օստեոարթրոզով կտառապի, եթե հիվանդությունը կանխելու միջոցառումներ չձեռնարկվեն:

Վտանգի գործոններ

Մասնագետը նշեց, որ բավական շատ են վտանգի այն գործոնները, որոնք հանգեցնում են աճառային հյուսվածքի փոփոխությունների եւ մեծացնում օստեոարթրոզի առաջացման հավանականությունը: Դրանցից հիմնականներն են՝

• Հիվանդի քաշը (ավելորդ քաշը մեծացնում է այս հիվանդության հավանականությունը);

• Սնունդը (որոշ միկրոտարրերի անբավարարությունը հոդերն ավելի խոցելի է դարձնում);

• Հոդերի վնասվածքները;

• Նյութափոխանակության խանգարումը;

• Օրգանիզմում էնդոկրինային հավասարակշռության խանգարումը (այդ թվում՝ դաշտանադադարից հետո էստրոգենների մակարդակի նվազումը);

• Հոդերում բորբոքային պրոցեսները;

• Ժառանգականությունը:

Ախտորոշում

Օստեոարթրոզի ախտորոշման համար ռենտգեն հետազոտություն է կիրառվում՝ պատկերի վրա մասնագետը կարող է տեսնել արթրոզին հատուկ փոփոխությունները: Կախված փոփոխությունների արտահայտվածության աստիճանից՝ տարբերակում են հիվանդության 4 փուլեր՝ առաջին ամենաթեթեւից մինչեւ չորրորդ, երբ հոդի կառուցվածքը գործնականում ամբողջովին խախտված է:

ՄՌՏ հետազոտությունը եւ սոնոգրաֆիան եւս կարեւոր տեղեկություններ են տալիս հոդերի վիճակի եւ դրանցում բորբոքային պրոցեսների առկայության մասին: Այս բոլոր հետազոտությունները պետք է բժիշկը՝ օրթոպեդ-վնասվածքաբանը նշանակի:

Բուժում

Օստեարթրոզն անբուժելի հիվանդություն է համարվում, այսինքն՝ հոդում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են: Սակայն ժամանակին կատարված ախտորոշման դեպքում գրագետ բուժումը կարող է կանխել հիվանդության հետագա առաջընթացը:

Բուժումը մեծապես կախված է հիվանդի եւ նրա հոդերի վիճակից: Քանի որ օստեոարթրոզն ախտահարում է հոդային աճառները, բուժելիս հաճախ նշանակվում են այն պաշտպանող եւ կառուցվածքը բարելավող դեղամիջոցներ (հաբեր կամ ներարկումներ): Նաեւ նշանակվում է հակաբորբոքային բուժում եւ գլյուկոկորտիկոիդների ներարկում հոդի խոռոչ կամ նրա կողքին:

Հիվանդի վիճակը թեթեւացնելու համար անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել նրա հոդերի ծանրաբեռնվածությունը: Դրա համար հոդերի կողքին գտնվող մկանները պետք է ամրացնել հատուկ վարժություններով, մերսմամբ, նաեւ ֆիզիոթերապիայի մեթոդներով: Այդ մեթոդների մասին հիվանդին կարող է տեղեկացնել բժիշկը:

Որոշ դեպքերում, եթե այլ բուժումն անարդյունավետ է լինում, ստիպված են դիմել վնասված հոդի պրոթեզավորման:

Վերջաբանի փոխարեն

Անցյալում օստեոարթրոզը հանգեցնում էր աշխատունակության կորստի եւ զգալիորեն վատացնում կյանքի որակը: Սակայն ներկայումս կան բուժման բազմաթիվ միջոցներ, իսկ ախտորոշումը օգնում է բուժումը ժամանակին սկսել, դանդաղեցնել հիվանդության առաջընթացը եւ որքան հնարավոր է երկար պահպանել հոդերի շարժունակությունը:



© NEWS.am Medicine