Ինչպե՞ս պատրաստել քիչ կալորիական դոլմա

10:58   30 դեկտեմբերի, 2016

Այս տարի ամանորյա տոնական սեղանների ամենատարածված ճաշատեսակը կլինի դոլման. GALLUP International association ընկերության հայկական գրասենյակի հետազոտության համաձայն՝ հայերի 66 տոկոսը պատրաստվում է ամանորյա սեղանի համար դոլմա պատրաստել՝ աղացած մսից եւ խաղողի կամ կաղամբի տերեւներից պատրաստվող ավանդական ճաշատեսակ:

Ինչպե՞ս պատրաստել օգտակար եւ պակաս կալորիական դոլմա: Ներկայացնենք դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի մի քանի խորհուրդները:

Խորհուրդ է տրվում ընտրել ոչ յուղոտ միս, չարժե ճարպ ավելացնել (օրինակ՝ խոզի) համային որակը լավացնելու համար:  Ոչ յուղոտ մսից կարելի է շատ լավ խճողակ ստանալ նաեւ առանց ճարպի հավելման:

Դոլմայի խճողակին շատերը բրինձ են ավելացնում, սակայն դիետոլոգը խորհուրդ է տալիս այն փոխարինել ոսպով: Խճողակը եւ ավելի համեղ, եւ օգտակար, եւ հյութեղ է ստացվում: Սպիտակ բրինձը գլիկեմիկ շատ բարձր ինդեքսով եւ մեծ քանակությամբ օսլայով վերամշակված մթերք է: Երբ մարդը սպիտակ բրինձ է ուտում, նրա արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ բարձրանում է, տեղի է ունենում ինսուլինի բացթողում, եւ կարճ ժամանակ անց կրկին ուտելու ցանկություն է առաջանում:

Ի տարբերություն բրինձի՝ ոսպը մեծ քանակությամբ սպիտակուցներ եւ այլ օգտակար նյութեր է պարունակում: Դիետոլոգի խոսքով՝ խճողակին ոսպի ավելացումը արագ է հագեցնում եւ կուշտ լինելու զգացումը երկար է պահպանում: Հետեւաբար՝ դոլմայի մսի խճողակին ոսպ ավելացնելն ավելի լավ է, քան սպիտակ բրինձ:



© NEWS.am Medicine