Ինչպե՞ս պետք է սնվեն երեխաներն ամանորյա տոներին

22:45   29 դեկտեմբերի, 2016

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին։ Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի անծանոթ սննդից ոչ մի խնդիր չառաջանա։

Երեխաների  մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք եւ քաղցր հյութեր, սակայն դրանք, ինչպես հայտնի է, այդքան էլ օգտակար չեն առողջության համար, այդ իսկ պատճառով պետք չէ թույլ տալ նրանց շատ լիմոնադ եւ այլ հյութեր խմել։

Պետք է ուշադիր լինել, որպեսզի երեխան ուրիշի տանը թարմ սնունդ ուտի։ Եթե երեխան պատրաստվում է միրգ ուտել, համոզվեք, որ այն մաքուր է։ Պետք է կրկնակի ուշադիր լինել փողոցում սնունդ գնելիս, հատկապես`թե որտեղ եւ ինչպես է պատրաստվել ուտելիքը, արդյոք աշխատակիցները ձեռնոց կամ էլ համապատասխան համազգեստ կրում են, արդյոք մաքուր է խոհանոցը, արդյոք  թարմ է այն։

 



© NEWS.am Medicine