16 վիրահատությունից հետո ծառ-մարդը կարողացել է առաջին անգամ գրկել դստերը (ֆոտո)

18:03   10 հունվարի, 2017

Բանգլադեշցի 27-ամյա Աբդուլա Բայանդարը, որի ձեռքերը հազվագյուտ հիվանդության պատճառով ծառի ոստերի էին նմանվել, երկարատեւ բուժումից հետո առաջին անգամ կարողացել է դստերը նորմալ գրկել: Վերջին տարվա ընթացքում նա 16 վիրահատության է ենթարկվել, եւ ձեռքերից ու ոտքերից մոտ 5 կգ պալար են հեռացրել:

Աբդուլան տառապել է գորտնուկային էպիդերմոդիսպլազիայով (epidermodysplasia verruciformis). բժշկական գրականության մեջ  այս հիվանդության ընդամենը մի քանի դեպք է նկարագրված: Երբ նրա ձեռքերին սկսեցին հայտնվել առաջին գորտնուկները, նա մտածեց, որ դրանք անվնաս են, եւ դրանց վրա ուշադրություն չդարձրեց: Սակայն ժամանակի ընթացքում պալարները ծածկեցին նրա ձեռքերն ու ոտքերը, դրանք կարծր դարձան՝ նմանվելով ծառի կեղեւի: Այդ պալարների պատճառով Բայանդարն այլեւս չէր կարող աշխատել: Նա չէր կարողանում նաեւ ինքն իրեն հոգ տանել, լվացվել, ուտել, խմել եւ ատամները մաքրել: Ավելին՝ նրան ծառ-մարդ էին կոչում:

Բուժման ընթացքում բժիշկները Աբդուլայի ձեռքերից մոտ 5 կգ պալար են հեռացրել: Բուժման ընթացքում կինն ու դուստը նրա հետ հիվանդանոցում են ապրել:

«Ես պարզապես ցանկանում եմ որպես նորմալ մարդ ապրել: Ցանկանում եմ ի վիճակի լինել դստերս նորմալ գրկելու, նրա հետ խաղալու»,- ասել է Աբդուլան:

Dhaka Medical College Hospital-ի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Սամանտա Լալ Սենի խոսքով՝ այնպիսի հիվանդին բուժելը, ինչպիսին Բայանդարն է, բժշկության պատմության մեջ մեծ իրադարձություն է:

Աբդուլան բուժման համար վճարել է նվիրատվությունների շնորհիվ, որոնք ստացել է, երբ նրա պատմությունն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ: Հիմա, երբ հիվանդությունը գրեթե նահանջել է, Աբդուլան ծրագրել է բուժումից հետո մնացած փողով փոքրիկ բիզնես հիմնել:



© NEWS.am Medicine