12 օրում Երեւանում վնասվածք ստանալու 24 դեպք է արձանագրվել

13:03   11 հունվարի, 2017

2016 թվականի դեկտեմբերի 30-ից մինչ այսօր «Շտապ օգնություն» ՓԲԸ-ն Երեւանում վնասվածքներ ստացած քաղաքացիներից 24 կանչ է ստացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Ըստ մասնագետի՝ այս թիվը ներառում է վնասվածքների բոլոր դեպքերը, որոնք քաղաքացիները ստացել են տանը, փողոցում եւ ՃՏՊ-ի ժամանակ: Այդ պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե դրանցից քանիսն են քաղաքի փողոցների մերկասառույցի պատճառով:

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ վերջին շաբաթներին, չնայած օդի ջերմաստիճանի նվազմանը, ձյանն ու մերկասառույցին, Երեւանում վնասվածք ստանալու դեպքերի թիվը, այլ ամիսների եւ տարվա եղանակների համեմատ, ավելին չի եղել: Համեմատության համար. 2016 թվականին ամանորյա տոների 10 օրերի ընթացքում շտապ օգնությունը վնասվածքների դեպքով 70 կանչ է ստացել (օրական 3-10), այս տարվա համեմատ՝ գրեթե երեք անգամ ավելի:

Անկախ տարվա եղանակից, ըստ Ստեփանյանի, երեւանցիներն ավելի հաճախ շտապ օգնություն են կանչում սիրտ-անոթային հիվանդությունների, ինչպես նաեւ գրիպի եւ սուր շնչառական վարակների պատճառով, իսկ վնասվածքներն ընդամենը երրորդ տեղում են: Նույն պատկերն է եղել նաեւ ամանորյա տոների ընթացքում:



© NEWS.am Medicine