ՌԴ առողջապահության նախարարությունն առաջարկում է ավելացնել ծխողների աշխատանքային ժամերը

10:46   12 հունվարի, 2017

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն առաջարկում է գործատուներին հնարավորություն ընձեռել ավելացնել ծխողների աշխատանքային օրվա ժամանակն այնքան, որքան նրանք ծախսում են ծխելու համար: RNS-ի փոխանցմամբ՝ նման առաջարկ է ներառված ՌԴ առողջապահության նախարարության պատրաստած 2017-2022 թվականների հակածխախոտային հայեցակարգում:

«Գործատուին հնարավորություն տալ ավելացնել աշխատողի աշխատանքային ժամերը՝ ծխելու համար նրա ծախսած ժամանակին համապատասխան»,- ասված է փաստաթղթում:

Հայեցակարգը նաեւ առաջարկում է անընդմեջ բարձրացնել ծխախոտային արտադրանքի հարկերը՝ հասցնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Եվրոպական տարածաշրջանի երկրներում հարկման մակարդային: Առաջարկվում է նաեւ սովորական եւ էլեկտրոնային սիգարետի մանրածախ առեւտրի՝ ապրանքի 10%-ի չափով հարկ սահմանել, իսկ գումարներն ուղղել մարզային բյուջեներ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ առողջապահության նախարարությունը ցանկանում է արգելել 2014 թվականից հետո ծնվածներին ծխախոտի վաճառքը:



© NEWS.am Medicine