«Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները մշակել են ծնկոսկր-ազդրային հոդերի ռենտգենն ավելի արդյունավետ դարձնող հատուկ տակդիր, որի հեղինակը ԲԿ–ի ռենտգեն բաժանմունքի վարիչ Նաիրա Մինասյանն է։
ԲԿ–ի կայքում ասվում է, որ ռենտգեն հետազոտության ժամանակ կարելի է որոշակի խոչընդոտների բախվել, որոնք դժվարացնում են ախտորոշման գործընթացը։
Ծնկոսկր-ազդրային հոդերի պաթոլոգիական շեղումները հայտնաբերելու համար անհրաժեշտ է հիվանդի ծունկը ֆիքսել 30,45 ,60 կամ 90 աստիճան անկյան տակ, ինչը թույլ է տալիս հստակ պարզել ոսկորների հոդային մակերեսի եւ հոդաճեղքի վնասման աստիճանը։
Այս նպատակով «Էրեբունի» ԲԿ–ում ստեղծվել է սարք, որը նախնական ստացել է «ծնկոսկր-ազդրային հոդերի հետազոտության տակդիր» անվանումը, եւ որը կարող է ստեղծել ծալման անհրաժեշտ անկյունը։
Համաշխարհային պրակտիկայում նման սարքերն արդեն կիրառում ունեն։ Սակայն փոխառելով այդ փորձը՝ այդ նորարարությունն առաջին անգամ ստեղծվել է «էրեբունի» ԲԿ պատերի ներսում եւ հարմարեցվել է Հայաստանում պրակտիկ բժշկության առանձնահատկություններին։