Հազվադեպ բնածին արատով տղան դիմակով է ծնվել (ֆոտո)

13:15   16 հունվարի, 2017

Չինացի «դիմակով տղայի» պատմությունը իր վրա է գրավել ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց ուշադրությունը: Հազվադեպ բնածին արատի հետեւանքով երեխայի դեմքն ասես կրկնակի լինի՝ նրա դեմքին ասես դիմակ լինի:

Հուկանգը 2009 թվականին ծնվել է Հունան հարավային գավառում, քիմքի ճեղքվածքի ծանր տեսակով՝ նրա բերանի 2 կողմում կան զգալի ելուստներ, որի հետեւանքով դեմքը դիմակի է նմանվել: Հուկանգին տեսնող շատերը կարծում են, թե նա հատուկ դիմակ է կրում, այդ պատճառով է 7 տարի առաջ տղան իր մականունն ստացել:

Բժիշկների խոսքով՝ քիմքի ճեղքվածքը չափազանց հազվադեպ եւ լուրջ խնդիր է, վնասված են ոչ միայն փափուկ հյուսվածքները, կոտրված եւ առաջ են տեղաշարժված քունքոսկրը եւ սեպաձեւ ոսկրը, այտոսկրերը եւ վերին ծնոտը:

Հուկանգի ծնողները հասարակ գյուղացիներ են, եւ երբ մայրն առաջին անգամ երեխային տեսել է, ուրախության փոխարեն շոկ է ապրել: Բժիշկները սկզբում անգամ վախենում էին նրան ցույց տալ որդուն: Երեխայի ծնվելու պահին մայրը 23 տարեկան էր, նա ասել է, որ հղիության ընթացքում ուլտրաձայնային 3 սքանավորում է անցել, եւ դրանցից ոչ մեկով պտղի դեմքի ձեւախախտում չի հայտնաբերվել: Տատիկն առաջարկել է երեխայից հրաժարվել, բայց մայրը հայտարարել է, որ նրան կմեծացնի: Տղան արդեն գյուղում հռչակավոր է դարձել, եւ երբեմն նրան տեսնելու են գալիս հարեւան բնակավայրերից:

Բնածին արատը թանկարժեք բուժում եւ վիրահատություններ է պահանջում, որի համար Հուկանգի ծնողները փող չունեն: Միջոցներ են տրամադրում բարի մարդիկ, որոնք լսելով երեխայի պատմության մասին՝ ցանկանում են նրան օգնել:

2010 թվականին երեխան ենթարկվել է 400 հազար յուան (մոտ 60 հազար դոլար) արժեքով վերականգնողական վիրահատության, սակայն նա պետք է եւս 10 տարի սպասի՝ պարզելու համար արդյո՞ք ոսկորներն սկսել են նորմալ աճել:



© NEWS.am Medicine