Բոտոքսի ներարկում անմիզապահության դեմ

22:38   26 մարտի, 2014

Շատերը կարծում են, որ բոտոքսը (Onabotulinum toxinA) պլաստիկ վիրաբույժների գործիք է, բայց ոչ երբեք ուռոլոգների: Բայց ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկողության գործակալությունը (FDA) մեկ տարի առաջ հավանության է արժանացրել դեղամիջոցը, որն ուղղված է գերակտիվ միզապարկով կանանց բուժմանը, եթե որեւէ ակնհայտ նյարդաբանական պատճառներ չկան: Այս մասին տեղեկացնում է Health Cleveland Clinic-ը:

«Դեղամիջոցը նվազեցնում է ցավի նոպաները, որոնք միզապարկի գերակտիվ նախանշաններ են առաջացնում,- ասում էՔլիվլենդի կլինիկայի կանացի ուռոլոգիայի կենտրոնի տնօրեն Սանդիփ Վասավադան:- Եվ խնդիրը ոչ թե նախանշանների հաճախականության, այլ դրանց հանկարծակիության մեջ է: Հիվանդները չեն կարողանում պահել մեզը»:

Նախ հիվանդին տեղային թեթեւ անզգայացում են կատարում, իսկ 15 րոպե անց դեղամիջոցը ներարկում են անմիջապես միզապարկի պատի մեջ:

Onabotulinum toxinA դեղամիջոցը սովորաբար ազդում է մեկ շաբաթ անց: Այն կարող է օգտագործվել նաեւ այլ հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ քրոնիկ միգրենի եւ անութների շրջանում ուժեղ քրտնարտադրության պարագայում:

Բժիշկ Վասավադայի խոսքով, onabotulinum toxinA-ն շատ արդյունավետ է, սակայն հիվանդները պետք է ներարկում ստանան վեց ամիսը մեկ անգամ:

Բուժման միակ թերությունն այն է, որ հիվանդների 5-8 տոկոսի մոտ հնարավոր է միզարտադրության ուշացում:

«Մենք չենք կարող կանխատեսել, թե կոնկրետ ում մոտ կարող է միզարտադրության ուշացում լինել: Իհարկե, հավանականությունն այնքան էլ մեծ չէ, բայց եւ զրոյական չէ»,- նշում է բժիշկը:

 



© NEWS.am Medicine