Մանրամասներ Բուենոս Այրեսում կայանալիք Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի վերաբերյալ

20:35   18 հունվարի, 2017

Հայաստանի բազմաթիվ  բժիշկներ, բուժքույրեր եւ հանրային առողջության ոլորտի մասնագետներ արդեն հայտ են ներկայացրել մասնակցելու մայիսի 31-ից հունիսի 2-ը Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում կայանալիք Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին։

Համագումարի ծրագրին կարելի է ծանոթանալ www.12amwc.com  կայքում։ Այստեղ կարելի է տեղեկատվություն գտնել նաեւ համագումարի կազմակերպչական բազմաթիվ հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ առցանց գրանցվել եւ ներկայացնել զեկույցների սեղմագրերը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համագումարի նախագահ Դանիել Ստամբուլյանը եւ Արգենտինայի հայ համայնքը մեծապես կարեւորում են Հայաստանի եւ ԼՂՀ բժիշկների ու բուժքույրերի մասնակցությունը։ Նշենք, որ վերջիններիս համար սահմանվել են գրանցման զեղչված գումարներ. մինչեւ 2017թ. հունվարի 31-ը գրանցվելու դեպքում  բժիշկների համար այն կկազմի  270 ԱՄՆ դոլար,  բուժքույրերի եւ ուսանողների համար՝  100 ԱՄՆ դոլար։  

Ընդ որում, ուսումնասիրելով Արգենտինա թռիչք ապահովող ավիաընկերությունների առաջարկները, նրանք պարզել են, որ Երեւանից Բուենոս Այրես եւ վերադարձն  իրականացնող ամենամատչելի սակագները առաջարկում են «Էյր Ֆրանս»,  «Քաթար» եւ «Ֆլայ Դուբայ» ավիաընկերությունները։

Տեղեկացնենք, որ Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարն անցկացվելու է Հիլթըն հյուրանոցում, որտեղ միայն համագումարի անցկացման օրերին, այսինքն մայիսի 31-ից հունիսի 3-ն առաջարկվում է 195 ԱՄՆ դոլար սակագին՝ մեկ գիշերվա համար՝ http://www.hilton.com/en/hi/groups/personalized/B/BUEHIHH-GARMA-20170531/index.jhtml?WT.mc_id=POG:

Բուենոս Այրեսում տուրիստական գործակալություններ ունեցող հայ համայնքի ներկայացուցիչները 8 օրվա կեցության համար (նախաճաշով) առաջարկում են բավական մատչելի (480 ԱՄՆ դոլար) փաթեթ` հանդիպման վայրից 10 րոպե հեռավորության վրա գտնվող 3+ աստղանի հյուրանոցում ՝ ապահովելով նաեւ անգլախոս էքսկուրսավար, հետաքրքիր տուրեր։

Հետաքրքիր մի դիտարկում. Բուենոս Այրեսում Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի հայաստանցի մասնակիցները մի քանի օրվա ընթացքում կվայելեն տարվա բոլոր 4 եղանակները։ Հայաստանից կմեկնեն գարնան վերջին օրերին, Արգենտինայում կհայտնվեն աշնանը, ապա կապրեն արգենտինյան ձմեռային պայմաններում, իսկ երբ վերադառնան Երեւան, արդեն ամառ կլինի։



© NEWS.am Medicine