Ի՞նչ մասնագիտություն ունեցող մարդիկ են ավելի հաճախ մաշկի քաղցկեղով հիվանդանում

10:44   19 հունվարի, 2017

Մելանոմայով՝ մաշկի քաղցկեղի ամենամահացու տեսակներից մեկով, հաճախ հիվանդանում են շինարարները, որոնք շատ ժամանակ են անցկացնում արեւի տակ: British Journal of Cancer ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ մաշկի քաղցկեղից մեկ շինարար է մահանում: Տարվա ընթացքում մելանոմայից մահվան 241 դեպք է արձանագրվում, 48 մարդ էլ մահանում է՝ նույնպես աշխատանքի բերումով արեւի տակ շատ անցկացնելու հետեւանքով:

Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները նշել են, որ չարորակ մելանոմայի հետեւանքով մահացածների շուրջ կեսը շինարարներ են: Պատճառն այն է, որ շինարարները հաճախ աշխատում են արեւի ճառագայթների ուղղակի ազդեցության պայմաններում, որոնք հանգեցնում են մաշկի քաղցկեղի մահացու տեսակի առաջացման: Այս ցուցակի երկրորդ հորիզոնականում ֆերմերներն են: Չարորակ մելանոմայի հետեւանքով հաճախ մահանում են նաեւ ոստիկաններ եւ զինվորականներ:

Ընդհանուր առմամբ, հետազոտության հեղինակները Մեծ Բրիտանիայի բնակիչների շրջանում մաշկի քաղցկեղով հիվանդացության զգալի աճ են արձանագրել: Հիմա ռիսկի խմբում հայտնվելու համար ամենեւին պարտադիր չէ ապրել ավանդաբար արեւային կլիմա ունեցող միջերկրածովյան տարածաշրջանում, բավական է միայն շատ ժամանակ անցկացնել արեւի տակ: Այդ պատճառով նման մարդիկ պետք է լուրջ ուշադրություն դարձնեն արեւի ճառագայթների ազդեցությունից պաշտպանությանը:

Նշենք, որ արեւի ճառագայթները չափազանց կարեւոր են օրգանիզմում D վիտամինի սինթեզի համար, որն անհրաժեշտ է մեր ոսկորներին: Բայց այն նաեւ մաշկի քաղցկեղ է առաջացնում: Կարեւոր է արեւապաշտպան կրեմներ օգտագործել հատկապես առավոտյան 11-ից մինչեւ ցերեկվա ժամը 3-ն ընկած ժամանակահատվածում, երբ արեւի ճառագայթներն առավել վտանգավոր են մեր օրգանիզմի համար:



© NEWS.am Medicine