Ամեն անգամ սնունդ ընդունելիս օրգանիզմում իմունային ռեակցիա է առաջանում. հետազոտություն

11:59   19 հունվարի, 2017

Երբ ինչ-որ բան ենք ուտում, մեր օրգանիզմում ոչ միայն մարսողության պրոցես է սկսվում, այլեւ բորբոքային իմունային ռեակցիա, որի նպատակն է՝ պայքարել մանրէների դեմ, որոնք սննդի հետ հայտնվում են օրգանիզմում: Այս մասին հաղորդել են University Hospital Basel-ի գիտնականները:

Նրանք ուշադրություն են դարձրել հետաքրքրիր երեւույթի, որը նկատել են սնունդ ընդունող լաբորատոր մկների մոտ: Սննդի հետ օրգանիզմում հայտնված մանրէները միշտ հանգեցնում են ոչ մեծ բորբոքային ռեակցիայի, որը պաշտպանում է օրգանիզմը: Ընդհանրապես այդ բորբոքային ռեակցիան վտանգավոր չէ, բայց ավելորդ քաշ ունեցող մարդկանց ու կենդանիների մոտ այն կարող է հանգեցնել շաքարախտի:

Ուտելիս աղիներում իմունային բջիջների թիվն ավելանում է, որոնք ինտերլեյկին- բետա բորբոքային նեյրոմեդիատոր են արտազատում: Այն ինսուլինի հետ միասին կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, բայց նաեւ կարող է վնասել ինսուլիս արտադրող ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջներին:

Շվեյցարացի գիտնականների կարծիքով՝ ամեն ինչ կախված է աղիների միկրոֆլորայից եւ սննդակարգից: Եթե մարդը բավարար քանակությամբ սննդարար նյութեր է օգտագործում, իմունային համակարգն ապահովվում է գլյուկոզայով՝ մանրէներից պաշտպանություն ապահովելու համար: Իսկ եթե ուտելիքում սննդարար նյութերը բավարար քանակությամբ չեն, սպառվող էներգիայի ոչ մեծ քանակություն տնտեսվում է՝ կենսական կարեւորության գործառույթների համար, իսկ իմունիտետը թուլանում է, ինչը հետագայում կարող է հանգեցնել խնդիրների:

Հետազոտության արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է Nature Immunology գիտական ամսագրում:



© NEWS.am Medicine