«Սարսափելի բակտերիան» էլ ավելի սարսափելի է, քան կարծում էին. գիտնականներ

20:29   19 հունվարի, 2017

Հակաբիոտիկների նկատմամբ կայուն էնտերոբակտերիան էլ ավելի վտանգավոր է, դինամիկ եւ վարակիչ, քան ընդունված էր կարծել: Այսպիսի եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի հետազոտողները:

Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տնօրեն Թոմաս Ֆրիդենը դրանք «սարսափելի բակտերիաներ» է անվանել: Խոսքը CRE (կարբոպենեմամի նկատմամբ կայուն էնտերոբակտերիա) բակտերիայի մասին է, որը դեռեւս անցյալ տարի, առանց  բացառության, բոլոր հակաբիոտիկների նկատմամբ իմունիտետ է ցուցադրել, այդ թվում՝ վերջին արտադրության հակաբիոտիկների: Սակայն Հարվարդի համալսարանի գիտնականները նոր հետազոտության ընթացքում պարզել են, որ CRE-ի վտանգավորությունը թերագնահատված է՝ իրականում այս բակտերիան ավելի սարսափելի է, քան թվում է:

Երկրի տարբեր ծայրերից վերցրած բակտերիայի նմուշները վերլուծելով՝ հետազոտողները CRE-ի տարբեր տարատեսակների զգալիորեն ավելի մեծ տարածվածություն են հայտնաբերել, քան ընդունված էր կարծել: Յուրաքանչյուր շտամ ուներ անցյալում հակաբիոտիկների դեմ պայքարելու սեփական պատմություն, ինչը նրանց օգնել է հակաբիոտիկառեզիստենտություն մշակել: Ավելին՝ CRE բակտերիաները, ըստ ամենայնի, ունեն հակաբիոտիկառեզիստենտ գեներին վարժեցնելու, կիսելու եւ տարածելու հատկություն, որոնց մի մասը նախկինում երբեք գիտությանը հայտնի չի եղել: Գիտնականները ենթադրում են, որ CRE-ն կարող է մարդուց մարդուն փոխանցվել առանց արտաքին որեւէ ախտանշանի, ինչով ավելի է դժվարացնում ինֆեկցիայի ախտորոշումն ու բուժումը:

Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում ամեն տարի մոտ 9300 հիվանդ հիվանդանոցներում CRE բակտերիայով է վարակվում, իսկ նրանցից 600-ը դրա հետեւանքով մահանում է: Ըստ որում՝ բակտերիան շարունակում է տարածվել եւ տարեցտարի ավելի մեծ թվով մարդկանց ախտահարել:



© NEWS.am Medicine