Մանկական ասթման 50%-ով մեծացնում է ճարպակալման առաջացման վտանգը

12:09   21 հունվարի, 2017

Ասթմա ունեցող երեխաները ախտորոշումից հետո 10 տարվա ընթացքում 50%-ով ավելի հաճախ են բախվում ճարպակալման խնդրին, քան շնչառության հետ կապված խնդիրներ չունեցող երեխաները: Այս մասին հայտնել են Հարավային Քալիֆորնիայի համալսարանի մասնագետները:

Հետազոտությանը մասնակցած երեխաների 13.5%-ն ուսումնասիրության սկզբում ասթմա է ունեցել: 10 տարվա ընթացքում այս երեխաների մեկ վեցերորդ մասը բախվել է ճարպակալման խնդրի: Ավելի քան 2 հազար երեխայի մասնակցությամբ 10 տարի տեւած հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ եթե երեխաները ասթմայի սրացումների ժամանակ հատուկ ինհալյատոր են օգտագործում, ճարպակալման խնդրի բախվվելու վտանգը 43%-ով նվազում է:

Մյուս կողմից՝ ասթմայի դեմ բազմաթիվ դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից նշվում է հենց ավելորդ քաշի առաջացումը: Ասթմայի եւ ճարպակալման միջեւ պատճառա-հետեւանքային կապի հարցում գիտնականները դեռեւս վստահ չեն: Չի բացառվում, որ ասթմա ունեցող երեխաները քաշ են հավաքում, քանի որ շնչառության հետ կապված խնդիրների պատճառով չեն կարողանում սպորտով զբաղվել եւ ավելի պասիվ կենսակերպ են վարում:

Ասթմայի առկայությունն ու ճարպակալումը կարող են մի շարք այլ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, այդ թվում՝ 2-րդ տիպի դիաբետի: Ըստ հետազոտողների՝ չափազանց կարեւոր է երեխայի մոտ հնարավորինս շուտ ասթմա ախտորոշել, որպեսզի հնարավոր լինի խուսափել սրացումների վտանգից եւ նվազեցնել ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Respiratory and Critical Care Medicine ամսագրում:



© NEWS.am Medicine