Ինչու՞ են կանայք սիրում բամբասել

15:06   22 հունվարի, 2017

Կանանց դուր է գալիս բամբասել եւ գաղտնիքներ փոխանակել, քանի որ դա բարձրացնում է նրանց արյան մեջ երջանկության հորմոնի՝ օքսիտոցինի մակարդակը, գրում է Psychoneuroendocrinology-ն:

Իտալիայի Պավիայի համալսարանի հոգեբան Նատաշա Բրոնդինոն պատմում է, որ գործընկերների հետ բամբասելիս իրենք իրենց ավելի միակուռ էին զգում, եւ ինքը որոշել է ստուգել, թե ինչն է իրենց միավորում բամբասանքի պահին, գոյություն ունեն արդյոք բիոքիմիական պատճառներ:

Իր հիպոթեզը ստուգելու համար Բրոնդինոն եւ գործընկերները հավաքել են համալսարանի ուսանողուհիների, որոնք այսպես կոչված «քույրության» անդամ են եղել:

Նրանց բաժանել են մի քանի խմբի եւ յուրաքանչյուրում ընդգրկել անծանոթ աղջկա եւ  մի դերասանուհու:

Նրանց որոշ ժամանակ պահել են միասին, որից հետո գիտնականները թքի նմուշներ են վերցրել եւ ուսանողուհիներին հարցաթերթիկ են տվել լրացնելու:

Բրոնդինոն կասկածում էր, որ բամբասանքների նկատմամբ կանանց հակումը կարող է պայմանավորված լինել 2 հորմոնով՝ օքսիտոցինով, որն ընտանեկան երջանկության եւ սոցիալական մտերմության հորմոնն է, եւ կորտիզոլով՝ սթրեսի հորմոնով: Առաջինի մակարդակը բամբասանքի ժամանակ կարող է աճել, իսկ երկրորդինը՝ նվազել:

Թքի անալիզը ցույց է տվել, որ բամբասանքն իրոք բարձրացնում է օքսիտոցինի մակարդակը, սակայն փասատցի չի ազդում արյան մեջ կորտիզոլի մակարդակի վրա:

Բացի այդ, օքսիտոցինի մակարդակը չի փոխվել հիացմունք, ատելություն կամ նախանձ զգալու հետեւանքով, ուստի հոգեբանները եկել են այն եզրակացության, որ բամբասանքներն առաջ են գալիս հենց օքսիտոցինի մակարդակի աճի հետեւանքով:

Բրոնդինոն եւ նրա գործընկերներն ասում են, որ բամբասանքի այդ բիոքիմիական բնույթը վկայում է այն մասին, որ վարքի այդ առանձնահատկությունը կարեւոր դեր էր խաղում նախկինում մարդու էվոլյուցիայի համար եւ, հավանաբար, շարունակում է խաղալ նաեւ այսօր: Գիտնականները նշում են, որ գաղտնիքները փոխանակելը եւ դրանից ստացած հաճույքը մեր  նախնիներին օգնում էր մեծ խմբերում սահմանել կյանքի ոչ ֆորմալ կանոններ:

 



© NEWS.am Medicine