Աշխատավայրում սթրեսը տղամարդկանց մոտ կարող է քաղցկեղ առաջացնել

22:47   21 հունվարի, 2017

Մոնրեալի համալսարանի եւ INRS-ի կանադացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աշխատավայրում սթրեսը կարող է տղամարդկանց մոտ քաղցկեղի պատճառ դառնալ, գրում է PreventiveMedicine-ը:

Հետազոտողները հարցում են անցկացրել 512 տղամարդկանց շրջանում, որոնց խնդրել են մանրամասն պատմել կյանքում իրենց կատարած աշխատանքների մասին, այդ թվում՝ այն, թե որքանով են դրանք սթրեսային եղել եւ ինչու:

Հոգեկան աշխարհի համար առավել ծանր աշխատանք է հրշեջի, արդյունաբերական ինժեների, ավիացիայի ոլորտում ինժեների, մեքենաների եւ երկաթուղային սարքավորումների  մեխանիկի աշխատանքը: Սթրեսի մակարդակը տարբերվում է աշխատավայրում մարդու պատասխանատվության աստիճանից:

Ընդ որում, քրոնիկ սթրեսի աղբյուր կարող են դառնալ ոչ միայն ծանրաբեռնվածությունն ու սուղ ժամանակային սահմանափակումը, այլ նաեւ հաճախորդներին սպասարկելը, պարգեւավճարի չափը, աշխատանքից ազատվելու սպառնալիքը, աշխատանքի բարդ ճանապարհը եւ այլն:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 15-30 տարի տեւած եւ հոգեկան սթրեսի հետ կապված աշխատանքը մեծացնում է 5 ուռուցքային հիվանդությունների՝ թոքերի քաղցկեղի, հաստ աղիքի քաղցկեղի, ուղիղ աղիքի քաղցկեղի, ստամոքսի քաղցկեղի եւ ոչ հոչքինյան լիմֆոմայի զարգացման հավանականությունը: Եթե նյարդային աշխատանքը շարունակվում է 15 տարուց պակաս, սթրեսի եւ քաղցկեղի հավանականության միջեւ կապ չի նկատվել:

TheDailyMail-ը նշում է, որ գիտնականները դա կապում են այն հանգամանքի հետ, որ սթրեսի պատճառով մարդիկ սկսում են ծխել, շատ ուտել, չարաշահել ալկոհոլը, իսկ դրանք այդ հիվանդությունների հիմնական գործոններն են:

 



© NEWS.am Medicine