Յուրաքանչյուր երրորդ երեխա ամեն օր արագ սնունդ է ուտում եւ քաղցր գազավորված ըմպելիք է խմում

10:52   24 հունվարի, 2017

Երեխաների 80%-ը կանոնավորապես գազավորված կամ քաղցրացված այլ ըմպելիք է խմում, յուրաքանչյուր երրորդ երեխա ամեն օր դատարկ կալորիաներ պարունակող արագ սնունդ է ուտում, իսկ միջին վիճակագրական երեխայի սննդակարգում հագեցած ճարպեր կան: Նման եզրահանգման են եղել Հարվարդի համալսարանի գիտնականները:

Հետազոտության համաձայն՝ չնայած աշխարհը նվաճող ճարպակալման համաճարակին, բազմաթիվ երկրների իշխանություններ ոչինչ չեն անում մանկական սննդի բարելավման համար, եւ միջին վիճակագրական երեխայի սննդակարգը նախկինի պես կազմված է «դատարկ կալորիաներից», շատ շաքարավազ ու աղ է պարունակում, ինչը վնասակար է առողջության համար: Այս ցուցանիշները վերջին 5 տարիներին չեն փոխվել, չնայած ԱՄՆ-ում ցանցային ռեստորանների մեծ մասը որոշել են բարելավել մանկական ճաշացանկի սննդարար հատկությունները:

Բազմաթիվ գիտնականների խոսքով՝ մանկական ճարպակալման համաճարակը լուրջ խնդիր է դառնում աշխարհում: Միայն ԱՄՆ-ում 6-11 տարեկան երեխաների 18%-ը կլինիկական ճարպակալում ունի, իսկ 12-19 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը 21% է: Այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող երեխաների թիվը նույնպես ավելանում է: Դա կապված է արագ սննդի ցանցերի տարածվածության եւ այն հանգամանքի հետ, որ ժամանակակից երեխաները քիչ են խաղում փողոցում եւ քիչ են շարժվում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ որոշ ցանցային ռեստորաններում (օրինակ՝ «ՄաքԴոնալդս»-ում) մանկական ճաշացանկում սկսել են հրաժարվել գազավորված ըմպելիքներից, բայց նախկինի պես մեծ քանակությամբ շաքար պարունակող ըմպելիքներ են առաջարկում:

Ներկայում յուրաքանչյուր երրորդ երեխան կամ պատանին ամեն օր արագ սնունդ է ուտում: Մասնագետները սա կապում են այն հանգամանքի հետ, որ երեխաները պարզապես այլ ընտրություն չունեն կամ օգտակար մթերքները, որ նրանց առաջարկում են, բավականաչափ գրավիչ չեն մանկական գիտակցության համար: Այդ պատճառով էլ շատ կարեւոր է զարգացնել մանկական մեծ կոլեկտիվներում օգտակար մթերքների տարածման ծրագրեր զարգացնելը:



© NEWS.am Medicine