Ծանր նախադաշտանային ախտանիշի պատճառ կարող է լինել ձեր կատո՞ւն

12:09   24 հունվարի, 2017

Նախադաշտանային շրջանի ծանր ախտանշանների պատճառ կարող են լինել ոչ միայն փոթորկվող հորմոնները, այլեւ ձեր սիրելի կատուն, ավելի շուտ՝ այն մակաբույծը, որի կրողը կարող է նա լինել: Այս մասին հայտնել են Juarez University-ի (Մեքսիկա) գիտնականները:

Խոսքը toxoplasma gondii մակաբույծի մասին է՝ մանրագույն միաբջիջ մակաբույծ, որն ավելի հաճախ է հանդիպում կատվի կղանքում եւ հում մսի մեջ: Նախկինում մարդու օրգանիզմ այս մակաբույծի հայտնվելը կապում էին մեծացող ագրեսիվության, տագնապալի վիճակի եւ նույնիսկ հոգեխանգարման ախտանշանների երեւան գալու հետ: Մինչդեռ այժմ Juarez University-ի հետազոտողները հայտնաբերել են, որ տվյալ մակաբույծը կապված է նաեւ ՆԴԱ-ի արտակարգ ախտանշանների հետ:

Վերարտադրողական տարիքի միլիոնավոր կանայք բախվում են տրամադրության ամենամսյա վայրիվերումների հետ, մինչ դաշտանը փորում փքվածություն եւ ցավեր են ունենում: Սակայն միայն յուրաքանչյուր 12-րդն է բախվում ՆԴԱ-ի ավելի ծանր ձեւի հետ, որը կոչվում է նախադաշտանային դիսֆորիկ խանգարում: Որոշ կանայք մինչ դաշտանի սկսվելը մի քանի օր այնքան ծանր են տանում, որ չեն կարողանում աշխատել: Այսպիսի կանանց մոտ ՆԴԱ-ն կարող է կայուն դեպրեսիայով, զայրույթի արտակարգ պոռթկումներով, ցածր ինքնագնատականով եւ նույնիսկ ինքնասպանության մտքերով ուղեկցվել:

Մինչեւ վերջերս ընդունված էր կարծել, որ տվյալ խանգարման պատճառը գենետիկ հակվածության եւ հորմոնալ բռնկումների համադրությունն է: Սակայն նոր հետազոտությամբ ենթադրվում է, որ ՆԴԱ-ի ծնր ախտանշանների մասնակի պատճառ կարող են լինել կատուները եւ նրանց փոխանցած toxoplasma gondii-ը:

Գիտնականները այս եզրակացությանն են հանգել 151 կանանց հետազոտության արդյունքում, որոնք տառապել են ՆԴԱ-ով: Բոլորից արյան անալիզ է վերցվել՝ ստուգելու toxoplasma gondii-ի առկայությունը: 10 դեպքում անալիզը դրական է եղել:



© NEWS.am Medicine