«Խելացի» ասեղը կարող է ուղեղի վրահատություններն ավելի անվտանգ կատարել

13:12   24 հունվարի, 2017

Ավստրալացի գիտնականները «խելացի» ասեղ են մշակել, որը կարող է ուղեղում վիրահատությունները շատ ավելի անվտանգ կատարել: Ասեղի վրա ներկառուցված է փոքրիկ մանրաթելա-օպտիկական խցիկ, որը վիրաբույժներին օգնում է տեսնել, թե որ անոթներին չի կարելի դիպչել: Վիրաբույժներն, այսպիսով, կարող են այդ անոթների հանդեպ զգույշ լինել եւ դրանք չվնասել:

University of Adelaide-ի պրոֆեսոր Ռոբերտ Մաքլաուգլին պարզաբանել է, որ որոշ անոթների վնասումը կարող է վտանգավոր արնահոսություններ առաջացնել, իսկ «խելացի» ասեղն օգնում է դրանից խուսափել: Մանրաթելաօպտիկական խցիկը, որն ունի մարդու մազի հաստություն, անոթների վրա ինֆրակարմիր լույս է գցում մինչեւ դրանց մեջ ասեղի մտնելը, իսկ համակարգիչը հայտնաբերում է վտանգը եւ հնարավոր վտանգի մասին նախազգուշացնում բժիշկներին:

Վերջին 6 ամսվա ընթացքում գիտնականները ասեղը փորձարկել են  12 հիվանդների վրա, որոնք Sir Charles Gairdner Hospital-ում նեյրովիրաբուժական վիրահատությունների են ենթարկվել: Հաջորդ տարի կսկսվեն ասեղի պաշտոնական կլինիկական փորձարկումները: Հետազոտողներն արդեն բանակցում են բժշկական սարքավորումների մի շարք միջազգային արտադրողների հետ: Նրանց կարծիքով՝ նոր գործիքի հայտնվելը նեյրովիրաբուժության մեջ իսկական բեկում կլինի:

«Եթե ուղեղը վիրահատելիս անոթները տեսնող գործիք ունենանք, դա լիովին կփոխի նեյրովիրաբուժությունը եւ վիրահատություններն ավելի անվտանգ կդարձնի: Դա նաեւ մեզ հնարավորություն կտա այնպիսի վիրահատություններ կատարել, որոնք նախկինում անհնար էր»,- ասել է նեյրովիրաբույժ Քրիստոֆեր Լինդը:



© NEWS.am Medicine