Գաջետներով տարվելը կարող է հանգեցնել կուրության համաճարակի. Գիտնականներ

11:52   26 հունվարի, 2017

Ժամանակակից մարդիկ շատ ժամանակ են անցկացնում համակարգչի եւ այլ սարքավորումների էկրանի առաջ, ինչը կարող է շատ բացասական հետեւանքներ ունենալ նրանց տեսողության վրա եւ հանգեցնել կուրության համաճարակի, զգուշացնում են University Complutense of Madrid–ի գիտնականները։

Էկրանների ճառագած լույսն անդառնալիորեն վնասում է ցանցաթաղանթը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է կուրության։

Բժիշկ Սելիա Սանչես Ռամոսը պնդում է, որ ժամանակակից երեխաները սկսում են այդ սարքերից օգտվել շատ վաղ տարիքում, ինչը կարող է ապագայում տեսողական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Երեխաներին գաջետների էկրանների վնասակար ազդեցությունից պետք է պաշտպանեն ծնողները։

Սանչես Ռամոսն ու նրա գործընկերները վերլուծել են 2 հետազոտությունների տվյալները։ Առաջինի ժամանակ առնետների ցանցաթաղանթը ենթարկել են պլանշետի սպիտակ լուսադիոտային լուսարձակման ազդեցությանը։ Մի խմբում օգտագործել են հատուկ ֆիլտրեր, մյուսում՝ ոչ։  Արդյունքում, եթե ֆիլտրեր չեն օգտագործել, առնետների մոտ 3 ամսվա ընթացքում ցանցաթաղանթի բջջային հյուսվածքների մահացության ցուցանիշը 23 տոկոսով աճել է։ Դա սպառնում է տեսողության կորստով։ Առնետների մոտ, որոնց համար օգտագործել են Reticare ֆիլտրը, նման արդյունք չի գրանցվել։

Երկրորդ հետազոտության շրջանակում փորձագետներն ուսումնասիրել են երեխաների աչքերի վրա տարբեր գաջետների լույսի ազդեցությունը։ Պարզվել է, որ երեխաների աչքերը  կարճ ալիքներով լույսը 3 անգամ ավելի շատ են ստանում, քանի որ նրանց ձեռքերը երկար չեն, եւ էկրանից հեռավորությունը կարճ է։

Ցանցաթաղանթի վնասումից բացի, աչքերում նաեւ չորություն է առաջանում։ Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս 20 րոպեն մեկ աչքերին հանգիստ տալ։ Աչքերը 20 վայրկյանով թեքել մի  կողմ, դա թույլ է տալիս աչքի մկաններին հանգստանալ։



© NEWS.am Medicine