Փոխպատվաստման սպասող կինը 6 օր ապրել է առանց երկու թոքերի

15:48   26 հունվարի, 2017

Փոխպատվաստման վիրահատության սպասող կանադացի Մելիսա Բենուան 6 օր ապրել է առանց թոքերի: Բժիշկները եզակի միջամտություն են կատարել, որը կարող է շանս նվիրել Մելիսայի վիճակում գտնվող մեծ թվով մարդկանց:

Այդ ժամանակ Մելիսան 32 տարեկան էր եւ մի քանի տարի շարունակ մուկովիսցիդոզի ֆոնին մշտական ինֆեկցիաներով էր տառապում: Օրերից մի օր բազմաթիվ ինֆեկցիաների պատճառով նրա թոքերը լիովին դադարեցին գործել: Մուկովիսցիդոզը ժառանգական հիվանդություն է, որն ախտահարում է լորձ, քրտինք եւ ստամոքսահյութ արտադրող բջիջները: Հիվանդությունը մարդու օրգանիզմում ախտահարում է թոքերը, մարսողական համակարգը եւ այլ օրգաններ: Մելիսան ներերակային հակաբիոտիկ է ստացել, սակայն հետո գրիպով է վարակվել, որի ֆոնին նրա մոտ այնքան ուժեղ հազ է սկսվել,  որ կոտրել է իր կողոսկրերը:

Մելիսայի վիճակը վատթարացել է, եւ նրան սովորական մեթոդներն այլեւս չէին կարող օգնել: Երբ Տորոնտոյի General Hospital's Surgical Intensive Care Unit-ում նա անգիտակից պառկած էր թոքերին միացված արհեստական օդափոխության սարքով, նրա ամուսնուն՝ Քրիս Բենուային, ընտրության առջեւ են կանգնեցրել՝ կա՛մ Մելիսան կմահանա մահճակալին, կա՛մ վիրահատական սեղանին է հայտնվելու: Իհարկե, այնուամենայնիվ շանս կար, որ փորձնական եւ եզակի վիրահատական միջամտությունը հաջող կլինի, եւ հիվանդը ողջ կմնա: Քրիսը համաձայնվել է ռիսկի դիմել եւ վիրահատությունն է ընտրել:

Թոքերի փոխպատվաստումից առաջ նրան ավելի շատ ժամանակ տալու համար որոշվել է Մելիսային միացնել Novalung համակարգին, որը ժամանակավորապես աջակցում է փոխպատվաստման սպասող հիվանդներին: Սարքը փոխարինում է թոքերի ամբողջ աշխատանքին՝ օրգանիզմից արյուն արտամղելով, այն թթվածնով հագեցնելով եւ ածխաթթու գազը հեռացնելով, որպեսզի հետո այն հետ ներմղի: Սարքը ընդամենը փորձնական նմուշ էր, որը ներկայումս ընդամենը աշխարհի մի քանի հիվանդանոցներ ունեն:

Վիրաբույժ Շաֆա Քեշաֆջիի ղեկավարած 13 բժիշկների խումբը 9 ժամ տեւած միջամտության ընթացքում կնոջ թոքերն է հեռացրել, որոնք այդ ժամանակ իրենց կոշտությամբ ֆուտբոլային գնդակի էին նման: Այնուհետեւ նրան սարքին են միացրել, որով նա ամբողջ 6 օր է ապրել: Միայն դրանից հետո են Մելիսայի համար դոնորական թոքերի գերազանց զույգ գտել, որոնք էլ նրան կյանքին են վերադարձրել:

«Շատ դժվար որոշում էր, քանի որ մեզ համար շատ բան էր անհայտ: Օրինակ՝ արդյոք տեխնիկապես մտածածը իրականանալի՞ է, թե՞ ոչ: Տեսականորեն եւ ֆիզիոլոգիապես դա իրականանալի էր, ուստի մենք որոշեցինք, որ ամեն ինչ կստացվի»,- խոստովանել է վիրաբույժ Քեշաֆջին:

Հիմա Մելիսան իրեն լավ է զգում՝ նրա նոր թոքերը նորմալ են գործում, նա վերականգնողական փուլ է անցել, եւ այժմ շատ ավելի նորմալ կյանքով է ապրում, քան նախկինում. համենայնդեպս, նա կարողանում է քայլել եւ նույնիսկ դստերն ինքնուրույն դպրոց տանել:



© NEWS.am Medicine