Ինչպե՞ս հաղթահարել ձմեռային տաղտուկը. խորհուրդներ հոգեբանից

20:00   28 հունվարի, 2017

Հյուսիսային երկրներում մարդիկ հազվադեպ են ձմռանը մելամաղձոտ եւ ուժասպառ լինում. երկար ձմեռները նրանց համար սովորական երեւույթ են։ Իսկ Հայաստանում, որտեղ մարդիկ ավելի սովոր են տաք եղանակին, ձմեռն այս տարի դարձել է այսպես կոչված «սեզոնային դեպրեսիայի» պատճառ։

Ինչպե՞ս հաղթահարել ձմեռային տաղտուկը, մինչեւ գարնան գալուստը։ NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում մի քանի օգտակար խորհուրդներ է տվել Հոգեբանական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը։

1.Ավելի շատ ժամանակ հատկացնել ինքնաճանաչմանը

 Այս տարի ձմեռային ցրտի պատճառով մարդիկ սովորականից ավելի շատ ժամանակ են անցկացնում տանը։ Սա, հոգեբանի կարծիքով, հոյակապ հնարավորություն է զբաղվել ընթերցանությամբ, ինքնաճանաչմամբ եւ մտքերն հավաքելով։ Երբ տաք է, իսկ օրվա ընթացքում բազում գործեր են կուտակվում, դա անելը շատ ավելի դժվար է։ Այդ պատճառով օգտվեք առիթից, որպեսզի առաջացած ազատ ժամանակը տրամադրեք ինքներդ ձեզ։

2. Դուրս եկեք զբոսանքի

Թեեւ դրսում շատ ցուրտ է, փորձեք ժամանակ առ ժամանակ տաք հագնվել եւ դուրս գալ զբոսանքի։ Քայլելն օգնում է հաղթահարել սթրեսը, այն նաեւ շատ օգտակար է առողջության համար։

3. Սովորեք ուրախանալ մանրուքներով

Սովորեք նկատել ձեզ շրջապատող մանրուքները, ուրախանալ դրանցով։ Կենտրոնացեք նրա վրա, ինչ անում եք, զգացեք, թե որքան հաճելի է թեյել պատուհանի մոտ, երբ դրսում ձյուն է տեղում, առավոտյան պառկել տաք մահճակալին, ձեռքերը լվանալ տաք ջրով։ Սովորաբար, մենք ուշադրություն չենք նման մանրուքները, եւ շատ իզուր, չէ որ դրանք կարող են բարձրացնել մեր տրամադրությունը։

4. Ճաշացանկին ավելացրեք տրամադրությունը բարձրացնող մթերք

Որոշ մթերքներ բարձրացնում են մարդու տրամադրությունը եւ լավացնում ինքնազգացողությունը։ Այդ թվում, օրինակ՝ ցիտրուսները եւ քաղցրավենիքը։ Հոգեբանը խորհուրդ է տալիս այս ձմեռ նախապատվությունը տալ դառը շոկոլադին, որը օգնում է բարձրացնել տրամադրությունը եւ այնքան վնասակար չէ, որքան շաքար պարունակող քաղցրավենիքը։

5. Սովորեք զարդարել սնունդը

Եթե բավական ազատ ժամանակ ունեք, սովորեք զարդարել սնունդը եւ ճաշի սեղանը։ Դա միշտ էլ բարձրացնում է տրամադրությունը։



© NEWS.am Medicine