Հայաստանում պատվաստումներն հանգեցրել են մանկական հիվանդացության էական կրճատմանը. ԱՀԿ

13:09   30 հունվարի, 2017

Հայաստանում ռոտավիրուսային, հնգավալենտ եւ պնեւմակոկային պատվաստանյութերն էական եւ արդյունավետ ազդեցություն են ունեցել մանկական հիվանդացության եւ մահացության կրճատման գործում: Այսպիսի գնահատական են տվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք հունվարի 23-ից 27-ը գնահատել են Հայաստանի առողջապահական առանցքային կազմակերպություններում մանրէային մենինգիտների եւ ռոտավիրուսային վարակների համաճարակաբանական հսկողությանն ուղղված ստանդարտ ընթացակարգերի ապահովումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Մասնավորապես, փորձագետների կողմից դետքային (պարեկ) հսկողություն իրականացնող հիվանդանոցներում (ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ) ուսումնասիրվել են հիվանդների հոսպիտալացման եւ վարման, նմուշառման, լաբորատոր հետազոտությունների եւ դրանց որակի արտաքին գնահատման եւ լաբորատորիաների հավաստագրման ընթացակարգերը, ինչպես նաեւ արդյունքները:

ԱՀԿ կենտրոնական գրասենյակի պատասխանատու Ադամ Քոհենը, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի մասնագետներ Դաննի Դանիելսը եւ Դովիլ Վիդբեյքը ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են գնահատման արդյունքները: Փորձագետները նշել են, որ Հայաստանում դետքային երեք հիվանդանոցում պահպանվում են ԱՀԿ–ի կողմից սահմանված եւ հաստատված ընթացակարգերը: Այդ մասին է վկայում նաեւ վերջերս Լոնդոնի հանրային ինստիտուտի կողմից նշված հիվանդանոցների լաբորատորիաների հավաստագրումը՝ որակի ամենամյա արտաքին գնահատման արդյունքում:

Միաժամանակ, փաստվել է, որ մեր երկրում նոր պատվաստանյութերի ներդրման արդյունքում դիտվում է ռոտավիրուսային վարակներով պայմանավորված հոսպիտալացումների նվազում՝ 2016 թվականի դրությամբ հոսպիտալացված մինչեւ 5 տարեկան երեխաների միայն 6%-ի մոտ է հաստատվել ռոտավիրուսային վարակը՝ 2012 թվականի 51%-ի փոխարեն: Ինչ վերաբերում է մանրէային մենինգիտներին, ապա փորձագետները նշել են, որ 2012 թվականից հետո գրանցված եզակի թվով մենինգիտները հարուցվել են հարուցիչների այնպիսի ենթատեսակներով, որոնք ներառված չեն հնգավալենտ եւ պնեւմակոկային պատվաստանյութերի բաղադրության մեջ: Այսպիսով, մասնագետները ընդգծել են, որ Հայաստանում ռոտավիրուսային, հնգավալենտ եւ պնեւմակոկային պատվաստանյութերն էական եւ արդյունավետ ազդեցություն են ունեցել մանկական հիվանդացության եւ մահացության կրճատման գործում:



© NEWS.am Medicine