Ինչո՞ւ աղջիկներին խորհուրդ չի տրվում խաղալ Բարբի տիկնիկներով

21:34   30 հունվարի, 2017

Բարբի տիկնիկների հետ խաղերը բացասաբար են անդրադառնում աղջիկների առողջության ու հոգեկանի վրա՝ աղջիկները, որոնք խաղում են այդ տիկնիկների հետ, շատ ավելի հաճախ են սննդային վարքագծի ու մարմնի մասին ընկալումների խնդիրներ ունենում։ Այս մասին պատմում է Body Image գիտական պարբերականը։

Մարիկա Տիգգերմարինը՝ մարմնի մասին ընկալումների հարցերով ավստրալացի մասնագետը, գործընկերների հետ միասին անցկացրել է հետազոտություն, որի ընթացքում 5-8 տարեկան 160 աղջիկների ցույց են տվել տիկնիկների լուսանկարներ ու խնդրել խաղալ նրանց հետ։ Հետո մասնագետները խոսել են երեխաների հետ, որպեսզի հասկանան, թե ինչպես են այդ տիկնիկները ազդել նրանց ընկալման վրա։ Պարզվել է, որ Բարբի տիկնիկների հետ նույնիսկ կարճատեւ խաղից հետո աղջիկները սկսում են մտածել, որ ամենակարեւորը գրավիչ տեսք ունենալն է, որ ավելորդ քաշը վատ է, իսկ ահա շատ նիհար լինելը՝ լավ։

Խնդիրն այն է, որ տիկնիկի «իդեալական» կազմվածքը հեռու է բժշկական նորմայից ու կյանքի իրողություններից։ Իսկ տպավորվող երեխաները, խաղալով Բարբի տիկնիկով, սկսում են կարծել, թե նիհարությունը միակ ընդունելի տարբերակն է։ Հետագայում նրանք, փորձելով նմանվել իրենց սիրելի տիկնիկին, կարող են քիչ ուտել կամ վտանգավոր սննդակարգերի հետեւել, ինչը կարող է լրջորեն ազդել նրանց առողջության վրա։

Մարիկա Տիգգերմարինը խորհուրդ է տալիս երեխաների համար Բարբի տիկնիկներ չգնել։ Իսկ եթե երեխան արդեն ունի նման տիկնիկ, ուրեմն նրա խաղերում պետք է շեշտել դերային բաղադրիչը։ Այսինքն, աղջիկը չպետք է պարզապես հագցնի տիկնիկին կամ էլ փորձի նրան ավելի գրավիչ դարձնել ՝ նա պետք է խաղեր խաղա, որոնք ունեն եւ սյուժե, եւ իմաստ։ Հակառակ դեպքում, մասնագետի խոսքով, երեխայի մոտ կարող են սխալ կարծրատիպեր ձեւավորվել արտաքինի մասին, ու կբարձրանա սննդակարգի խանգարումների զարգացման վտանգը։



© NEWS.am Medicine