Հայաստանում 2-3 ամսվա ընթացքում կարող է հասանելի դառնալ պատիճներով մորֆինը

15:01   3 փետրվարի, 2017

Առաջիկա 2-3 ամսվա ընթացքում Հայաստանում հասանելի կլինի պատիճներով մորֆինը, որն անհրաժեշտ է արդյունավետ անզգայացման կարիք ունեցող շատ հիվանդների պալիատիվ օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնությամբ քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։

Հայաստանի կառավարությունը փետրվարի 2-ի նիստում հավանություն տվեց պալիատիվ (ամոքիչ) օգնության զարգացման ռազմավարությանը։ Հիմա, Ծաղիկ Վարդանյանի խոսքով, սպասվում է, որ մինչեւ 2019 թվականը առողջապահության համակարգում կներառվի պալիատիվ օգնությունը, որը շատ կարեւոր է քաղցկեղային հիվանդությունների բուժումը կազմակերպելու համար։ Պալիատիվ օգնության կարիք ունեցող հիվանդների 70-80 տոկոսը տերմինալ փուլում գտնվող քաղցկեղային հիվանդներն են։

Այդ ծրագրի շրջանակում Հայաստանում պետք է հասանելի դառնան ուժեղ ազդող թմրանյութերով անզգայացնող հաբերը, օրինակ՝ մորֆինը։ Եվ հիվանդները չպետք է դրա հասանելիության խնդիրներ ունենան, իսկ բժիշկները չպետք է խնդիրներ ունենան դրանց համար դեղատոմս գրելիս։

Պալիատիվ օգնության զարգացման ռազմավարության հիմնական նպատակը անբուժելի կամ արագ զարգացող հիվանդություններ ունեցող մարդկանց կյանքի որակի բարելավման համար հնարավորություններ ստեղծելն է հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բուժհաստատություններում։ Ռազմավարության կիրառման արդյունքում ակնկալվում է, որ կզարգանա պալիատիվ բժշկությունը, կբարձրանա պալիատիվ ծառայությունների որակն ու արդյունավետությունը եւ դրանց հասանելիությունը։

Հայաստանում օրական 3200-3600 հիվանդ պալիատիվ օգնության կարիք ունի։ Տարվա կտրվածքով այս թիվը կազմում է 18 000, բայց եթե հաշվի առնենք, որ օգնության կարիք ունեն նաեւ հիվանդների ընտանիքների անդամները, այդ թիվը հասնում է տարեկան 100 հազարի։

Open Society Foundations-ի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի տվյալներով՝ հիվանդներից շատերն այսօր տառապում են այնպիսի հիվանդություններին ուղեկցող ուժեղ ցավերից, ինչպիսին է, օրինակ, քաղցկեղը, սակայն նրանց միայն 3 տոկոսն է պալիատիվ բուժում ստանում, որը նրանց տառապանքը կմեղմեր:

 



© NEWS.am Medicine