Չինաստանում երեխա է ծնվել 16 տարի առաջ սառեցված սաղմից

22:35   6 փետրվարի, 2017

Չինաստանի Գուանդուն նահանգում 16 տարի սառեցված վիճակում գտնվող սաղմից առողջ երեխա է ծնվել։ 2016-ին Գուանչժոուից 46-ամյա կնոջը հաջողությամբ «պատվաստել են» 16 տարի սառեցված վիճակում պահված սաղմը, ինչի արդյունքում այս տարվա փետրվարին նա բարեհաջող կերպով լույս աշխարհ է բերել որդի, հայտնում է Սուն Յաթսենի անվան համալսարանին առընթեր 1-ին կլինիկան։

Կլինիկայի վերարտադրողական կենտրոնի ղեկավար Սյույ Յանվենը հայտնել է, որ ծննդկանը մինչ այդ տառապում էր ձվարանների պոլիկիստոզի համախտանիշով։ 2000-ին 29 տարեկանում կլինիկայում նա արտամարմնային բեղմնավորման բուժակարգ է անցել, որից հետո առաջին որդուն է լույս աշխարհ բերել։

Բառացիորեն մի քանի օր առաջ իրանցի բժիշկներն էլ հայտնել են, որ Սպահան քաղաքում ծնվել է երեխա՝ 2003-ին սառեցված սաղմից։ «Առայսօր ոչ մեկին չէր հաջողվել առողջ նորածին ունենալ այդքան երկար տարիներ սառեցված վիճակում պահվող սաղմից»,- հայտնել է Սպահանի անպտղության բուժման կենտրոնի ղեկավարներից մեկը՝ բժիշկ Սեյեդ Ասադոլահ Քալանտարին։ Նա հավելել է, որ հիմա կենտրոնում պահվում է եւս 100 հազար սառեցված սաղմ։ Երեխայի 42-ամյա մայրը իրեն լավ է զգում։ Մինչ այդ նրան հաջողվել էր հաղթահարել Հոջկինի լիմֆոման։

 



© NEWS.am Medicine