Ձմռանը Հայաստանում վնասվածքի եւ կոտրվածքի 118 դեպք է արձանագրվել

13:18   8 փետրվարի, 2017

2016 թվականի դեկտեմբերից մինչ այսօր Հայաստանում վնասվածքի 118 դեպք է արձանագրվել, որից 70-ը՝ սառույցի վրա ընկնելու արդյունքում կոտրվածք: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի վնասվածքի 97 դեպք է եղել, որից 18-ը՝ սառույցի պատճառով: Այս մասին լրագրողներին ասաց վնասվածքաբան Հրանտ Աշճյանը:

Այս ձմեռ վնասվածքների մեծ թիվը մասնագետը կապում է աննախադեպ ցուրտ եղանակի եւ մերկասառույցով պատված փողոցների ու բակերի հետ:

Վնասվածքաբանի խոսքով՝ դեպքերի 55%-ում տուժել են կանայք, 45% դեպքերում՝ տղամարդիկ: Հիմնականում մարդիկ վերջույթներն են կոտրել. սովորաբար՝ վերին, հազվադեպ՝ ստորին:

Ինչ վերաբերում է տուժածների տարիքին. 14.5%-ն անչափահասներ են, 85.5%-ը՝ մեծահասակներ: Հավանաբար սա կապված է այն հանգամանքի հետ, որ այս ցրտին երեխաներն ավելի հազվադեպ են փողոց դուրս գալիս, իսկ մեծահասակները ստիպված են, այդ պատճառով տուժածների շրջանում նրանց թիվն ավելին է:

Վնասվածք ստացածների շուրջ երկու երրորդը վիրաբուժական միջամտության կարիք են ունեցել, քանի որ նրանց մոտ հիմնականում ոսկորների կոտրվածք է եղել:



© NEWS.am Medicine