Այսօր նշվում է Ատամնաբույժի միջազգային օրը

13:04   9 փետրվարի, 2017

Փետրվարի 9-ին մեծ թվով երկրներում նշում են  Ատամնաբույժի միջազգային օրը (International Day of dentist): Ատամնաբույժների մասնագիտական տոնը համընկել է Սուրբ Ապոլոնիա Ալեքսանդրիացու օրվա հետ: Կարծիք կա, որ նրան ուղղված աղոթքներն ատամնացավը թեթեւացնում են:

Ապոլոնիան Ալեքսանդրիայի ազդեցիկ պաշտոնյաներից մեկի աղջիկն էր, ով հավատում էր Քրիստոսին, եւ քրիստոնեաներին հալածողների կարծիքով՝ համաքաղաքացիների համար վատ օրինակ էր ծառայում, որոնք պետք է բազմաստվածություն երկրպագեին եւ հավատային կայսեր աստվածային ծագմանը:

Ապոլոնիային դաժան կտտանքների են ենթարկել՝ պահանջելով քրիստոնեությունից հրաժարվել: Նա խոշտանգումներին արժանապատվորեն է դիմացել, ապա անսպասելի խնդրել է իր կապերը քանդել, որ կարողանա ծնկի գալ եւ կատարել բազմության պահանջը: Երբ նրա խնդրանքը կատարել են, նա ինքն է կրակի մեջ նետվել: Դա տեղի է ունեցել 249 թվականի փետրվարի 9-ին:

Դեպքը ցնցել է նրա ժամանակակիցներին, եւ շուտով առասպել է հյուսվել այն մասին, որ բավական է  միայն Ապոլոնիայի անունը տալ ու նրան աղոթել, ատամնացավն անմիջապես մեղմանում է: 300 թվականին Ապոլոնիան սուրբ նահատակների շարքին է դասվել:

Այս օրը՝ փետրվարի 9-ին, ատամնաբույժները հրատապ հարցեր եւ ատամնաբուժության ոլորտի խնդիրներն են բարձրացնում, իսկ կլինիկաներից շատերը ակցիաներ են կազմակերպում եւ տեղեկատվություն տարածում բերանի խոռոչի, ատամների եւ լնդերի ճիշտ խնամքի մասին:



© NEWS.am Medicine