Այստեղ ինձ այլեւս չեն կարող օգնել. վիրավորված զինծառայողը հույս ունի բուժումը շարունակել արտասահմանում

19:18   9 փետրվարի, 2017

Ինը ամիս առաջ Թալիշում վիրավորված Հայկ Սեխլիյանը ողնաշարի վիրավորում էր ստացել, ինչի պատճառով հիմա չի կարող քայլել։ Հայ բժիշկները նրա համար շատ բան են արել, սակայն դա բավարար չէ, որպեսզի երիտասարդը սկսի նորմալ քայլել։ Հայկը հույս ունի, որ եթե այստեղ իրեն իրոք չեն կարող օգնել, ապա կորոշեն ուղարկել արտասահման բուժման։

«Իմ ցանկությունն է նորմալ քայլել։ Եթե ինձ չեն կարող այստեղ օգնել, թող արտասահման ուղարկեն»,– ասել է Հայկը NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում։

Նշենք, որ պայմանագրային զինվորական Հայկ Սեխլիյանը ապրիլի 4-ին Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում ռազմական առաջադրանքի կատարման ընթացքում T3 եւ T4 ողերի բեկորային վնասվածք է ստացել: Հայաստանում վիրահատությունից եւ երկար բուժումից հետո նա ցանկանում էր վերականգնումը շարունակել Գերմանիայում, որտեղ նրան կկարողանան օգնել ոտքի կանգնել: 

Վնասվածքից հետո նրան հասցրել են Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ վիրաբույժները նրա ողնաշարից արկի բեկոր են հանել: Դրանից հետո նրան Երեւան են տեղափոխել, որտեղ հանել են երկրորդ` ավելի փոքր բեկորը:

Հայկը բուժում է ստացել երեւանյան Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում եւ հիմա կարողանում է շարժել ոտքերը։

Սակայն արդեն ավելի քան 4 ամիս Հայկը ոչ մի բուժում չի ստանում։ ՊՆ–ի հետ պայմանագրի ժամկետը լրացել է։ Ռեաբիլիտոլոգներն, իհարկե, նրան ցույց են տվել վարժություններ, որոնք նա կարող է տանն անել, որպեսզի մկաններն աշխատեն, սակայն դա, բնականաբար, բավարար չէ լիարժեք վերականգնվելու համար։ Հայկին հատուկ վերականգնողական ծրագիր է պետք ժամանակակից սարքավորումներով, առանց որոնց ապաքինումը դժվար թե հնարավոր լինի։ Հայաստանում ոչ մի հիվանդանոց չունի նման սարքավորումներ։

Հայկի խոսքով՝ զինվորական հոսպիտալն արդեն իրեն փաստաթուղթ է տվել, որը վկայում է, որ իրեն այլեւս ոչնչով չեն կարող օգնել, քանի որ չունեն անհրաժեշտ սարքեր։ Կարմիր խաչի մասնագետները նույնպես քիչ բան կարող են անել, անգամ եթե ՊՆ–ի հետ նոր պայմանագիր ունենան։ Հայկը նշեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նույնպես անձամբ հայտարարել է, որ Հայկին այստեղ չեն օգնի, նրան վերականգնողական բուժում է պետք արտասահմանում։

Այսօր Հայկին կանչել են վերջերս բացված բժշկական կենտրոն, որի մասնագետները նրան զննելուց հետո պետք է ասեն, թե կստանձնեն արդյոք նրա վերականգնողական բուժումը եւ կարող են արդյոք օգնել նրան քայլել։ Եթե այո, Հայկը բոլորովին դեմ չէ բուժվել Հայաստանում, նրա համար գլխավորը արդյունքն է։

Եթե անգամ պարզվի, որ այս կենտրոնում նրան չեն կարող օգնել, Հայկը հույս ունի, որ իր բուժումը կկազմակերպեն արտասահմանում՝ հիվանդանոցում, որն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները եւ նման վիրավորումներով հիվանդների հետ աշխատելու մեծ փորձ։

 



© NEWS.am Medicine