Առաջին 50 համբույրը՝ կյանքում. հիշողությունը կորցրած կինը երկու անգամ սիրահարվել է իր ընկերոջը

10:42   13 փետրվարի, 2017

20-ամյա Ջեսիկա Շերմանը կորցրել է հիշողությունը, որի հետեւանքով նրան վիճակվել է վերապրել գրեթե այն ամենը, ինչ «Առաջին 50 համբույրները» հայտնի ֆիլմի հերոսուհին. Ջեսիկան մոռացել է իր ազգականներին եւ ընկերոջը՝ Ռիչ Բիշոփին, որը ստիպված էր նրա սիրտը կրկին նվաճել:

Անցյալ տարվա մարտին, երբ Ջեսիկան եւ նրա ընկերը Քենթից Լոնդոն էին մեկնում, նրա մոտ նոպա է եղել, որից հետո ազգականներին եւ ընկերներին լրիվ մոռացել է:

«Ես վախեցած էի: Շուրջս ոչ մեկին չէի ճանաչում, բոլոր մարդիկ օտար էին թվում: Ես անգամ չէի կարողանում սեփական անունս հիշել: Ես միայն էլեկտրական գնացքն էի հիշում, ու վերջ: Ինձ հետո պատմել են, որ մարմինս թուլացել է, աչքերս խամրել: Մենք գրեթե Լոնդոն էինք հասել, եւ Ռիչը բռնել է ինձ, հետո մենք կայարանից գնացել ենք գրասենյակ, եւ Ռիչն իմ ծնողներին է կանչել: Հիշում եմ, թե ինչպես իմ մոտ վազեց մի կին, որին ես չճանաչեցի: Նա գրկել էր ինձ եւ հարցնում էր, թե ինձ ինչպես եմ զգում: Իսկ ես առանց որեւէ բան հասկանալու նրան էի նայում: Նա շարունակ կրկնում էր, որ իմ մայրն է»,- պատմել է Ջեսիկան:

Հետաքրքիր է, որ նրա հիշողությունն այդպես էլ չի վերականգնվել, եւ նա ստիպված էր ծնողների ու ընկերոջ՝ Ռիչի հետ վերստին ծանոթանալ: Դրանից առաջ նա Ռիչի հետ հանդիպում էր արդեն 7 ամիս, բայց հիմա տղան ստիպված էր նրա սիրտը կրկին նվաճել, արդյունքում՝ Ջեսիկան կրկին սիրահարվել է նրան: Հիմա Ջեսիկան հարազատների եւ ընկերների օգնությամբ փորձում է հիշել իր ամբողջ կյանքը: Դեռեւս հայտնի չէ, թե նրա հետ կոնկրետ ինչ է պատահել եւ արդյո՞ք հիշողությունը կվերականգնվի:



© NEWS.am Medicine