Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի տղամարդը ամուսնությունից առաջ

15:54   13 փետրվարի, 2017

Հարսանիքից եւ երեխա պլանավորելուց առաջ խորհուրդ է տրվում որոշ հետազոտություններ անցնել, որոնք կօգնեն ապագայում խուսափել բազմաթիվ խնդիրներից: Այս մասին NEWS.am Medicine-ը զրուցել է սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանի հետ:

Սեռավարակներ

Առաջին հերթին, ըստ մասնագետի, տղամարդկանց խորհուրդ է տրվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների անալիզ հանձնել: Հայտնի է, որ այդ վարակներից շատերը կարող են որեւէ նախանշան չունենալ եւ ոչ մի կերպ չարտահայտվել, այդ պատճառով տղամարդը կարող է չկասկածել անգամ, որ հիվանդ է: Իսկ մինչ այդ, վարակը կարող է լուռ քայքայել նրա առողջությունը՝ նվազեցնելով հայր դառնալու հնարավորությունը: Բացի այդ՝ նա կարող է վարակել իր ապագա կնոջը, իսկ եթե կինը հղիանա, խնդիրները կարող են առնչվել նաեւ ապագա երեխային: Այս ամենից խուսափելու համար ցանկալի է հարսանիքից առաջ սեռավարակների անալիզ հանձնել:

Սպերմոգրամ

Չի խանգարի նաեւ սերմնահեղուկի անալիզ հանձնելը, որի օգնությամբ կարելի է գնահատել սերմնահեղուկի պտղաբերությունը: Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք ստիպված են բազմաթիվ հետազոտություններ անցնել, որպեսզի պարզեն, արդյո՞ք վերարտադրողական գործառույթների հետ կապված խնդիրներ ունեն: Իսկ տղամարդիկ պետք է միայն սպերմոգրամ հանձնեն՝ հասկանալու համար, արդյո՞ք բեղմնավորման հետ կապված խնդիրներ ունեն: Խախտումներ արձանագրելու դեպքում սեքսապաթոլոգը կամ ուրոլոգը կօգնեն լուծել խնդիրը:

Խորհրդատվություն

Հարսանիքից առաջ ցանկալի է նաեւ խորհրդատվություն ստանալ սեքսոլոգից՝ ամուսնական կյանքում առաջացող հնարավոր խնդիրների մասին անհրաժեշտ գիտելիքներ ստանալու եւ հնարավորինս դրանք կանխելու համար:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում շատ զույգեր բաժանվում են հենց սեքսուալ աններդաշնակության, սեռական կյանքում խնդիրների պատճառով, չնայած նրանց համատեղ կյանքում առաջացած բազմաթիվ խնդիրներ հնարավոր կլիներ կանխել մինչեւ դրանց առաջացումը կամ լուծել մասնագետի օգնությամբ:

Սեքսապաթոլոգի խոսքով՝ այսօր Հայաստանում զույգերի շրջանում տարածված հիմնական խնդիրներն են ցածր լիբիդոն, օրգազմի խանգարումը, սխալ կարծրատիպերը, սեռական ակտի եւ ընդհանրապես սեռական կյանքի մասին սխալ պատկերացումները:



© NEWS.am Medicine