«Իզմիրլյան» ԲԿ-ում կոնք-ազդրային հոդի կոտրվածքով հիվանդին տոտալ էնդոպրոթեզավորում են կատարել (ֆոտո)

16:59   13 փետրվարի, 2017

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորման հերթական վիրահատությունն են կատարել: Դեպքի յուրահատկությունն այն է, որ 62-ամյա կնոջ մոտ հոդի կոտրվածք էր, այլ ոչ թե կոկսարթրոզ: Բայց դա է նաեւ տվյալ դեպքի առավելությունը՝ կնոջ մոտ նորմալ ֆիզիկական ակտիվության վերադառնալու պրոցեսը շատ ավելի հեշտ եւ արագ կանցնի, քանի որ նա նորմալ գործող մկանային համակարգ ունի:

«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկ-օրթոպեդ, Երեւանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության ամբիոնի ասիստենտ Սահակ Սարիբեկյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ կնոջ կոնք-ազդրային հոդը կոտրվել է ընկնելու հետեւանքով, հիվանդանոցում նրան սկզբում կմախքային  ձգում են տեղադրել, ապա՝ էնդոպրոթեզ:

Նա պարզաբանեց, որ, ցավոք, կոնք-ազդրային հոդի որոշ կոտրվածքներ տոտալ էնդոպրոթեզավորումից բացի, որեւէ այլ բուժման ենթակա չեն. հոդի սերտաճումն անհնար է նույնիսկ ամենալավ իմպլանտների կիրառմամբ ցանկացած տեսակի վիրահատությամբ՝ այն հնարավոր է միայն ամբողջությամբ փոխարինել:

«Իզմիրլյան» ԲԿ-ում օգտագործում են այս ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝  Jonson Jonson DePuy ընկերության Corail տեսակի  էնդոպրոթեզները:

Բժիշկը հայտնեց, որ վիրահատությունը հաջող է ընթացել, իրենք հիվանդին ոտքի են կանգնեցրել վիրահատությունից մեկ օր հետո, իսկ մի քանի շաբաթ անց կինը կվերադառնա առօրյա նորմալ կյանքին:

Սահակ Սարիբեկյանը «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի թիմի բժիշկներից է:

Նա Չարչյանի հետ կենտրոն է եկել 2014 թվականին: Բայց արդեն այդ ժամանակ հիվանդանոցում վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի զարգացած ծառայություն կար, նշեց նա: Իսկ այսօր բաժանմունքն իրականացնում է Հայաստանում հասանելի վիրահատությունների գործնականում ամբողջ ծավալը՝ ծնկահոդի եւ կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորում, կոնք-ազդրային եւ սրունք–թաթային հոդերի, ծնկահոդի, ուսահոդի արթրոսկոպիական վիրահատություններ:

«Արմեն Չարչյանը Հայաստանում էնդոպրոթեզավորման ուղղության հիմնդիրներից մեկն է: Այսօր Հայաստանում էնդոպրոթեզավորման վիրահատությունների ամենամեծ ծավալը կատարվում է մեր բաժանմունքում»,- ասաց Սահակ Սարիբեկյանը:



© NEWS.am Medicine