Գիտնականները հայտնաբերել են թոքերի եւ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման եւս մեկ պատճառ

11:56   14 փետրվարի, 2017

Cold Spring Harbor Laboratory-ի գիտնականները շագանակագեղձի եւ թոքերի քաղցկեղի առաջացման նոր պատճառ են գտել: Հետազոտության ընթացքում նրանք պարզել են, թե ինչու է PTEN գենը, որն արտադրում է նույնանուն հակաօնկոգեն սպիտակուցը, որոշ հիվանդների մոտ պակաս ակտիվ դառնում: PTEN-ի նախնական դերը ուռուցքների չվերահսկվող աճի կանխումն է: Քաղցկեղի տարբեր տեսակների, օրինակ՝ թոքերի կամ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում այս գենում փոխակերպումներ են նկատվում: Գիտնականները պարզել են, որ PTEN-ի ապակայունացումը կարող է տեղի ունենալ IPO11 (Importin-11) սպիտակուցի պակասի պատճառով, որը PTEN սպիտակուցը բջջակորիզ է հասցնում՝ այն պահպանելով քայքայումից:

Որոշ ցիտոպլազմային սպիտակուցներ՝ NEDD4-1, NDFIP1 եւ UBE2E1, կարող են միավորվել եւ ուբիկվիտին մոլեկուլով PTEN սպիտակուցի վրա նշան դնել: Այսպիսի մի քանի  նշանները սպիտակուց-թիրախը տեսանելի են դարձնում սպիտակուցների քայքայման բջջային համակարգի համար: IPO11-ը կորիզ է «ուղեկցում» ոչ միայն PTEN-ին, այլեւ UBE2E1-ին՝ այդկերպ խախտելով նշանների աշխատանքի մեխանիզմը:

Մկները, որոնց օրգանիզմում IPO11-ի մակարդակը ցածր էր, ցածր էր նաեւ PTEN սպիտակուցի խտությունը: Այս կենդանիների մոտ հաճախ են առաջանում թոքերի ադենոկարցինոմաներ եւ շագանակագեղձի նեոպլազիաներ: PTEN գենում նման փոխակերպումներ են նկատվել նաեւ օնկոլոգիական հիվանդություններով տառապող մարդկանց շրջանում, դրանից բացի՝ թոքերի չարորակ ուռուցքների նմուշներում PTEN սպիտակուցի խտությունը փոքր է եղել: Հետազոտողների ենթադրությամբ՝ IPO11-ի անբավարար քանակ է նկատվում է PTEN սպիտակուցի ցածր խտությամբ հիվանդների գրեթե մեկ երրորդի մոտ:

Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում IPO11-ի պակասը հիվանդների օրգանիզմում, որոնց շագանակագեղձը հեռացվել է, հիվանդության ռեցիդիվ եւ մետաստազներ է առաջացնում:

Հետազոտության հեղինակներից Լլոյդ Թրոթմանի խոսքով՝ Importin-11-ը օրգանիզմում  PTEN  սպիտակուցի ճիշտ մակարդակը պահպանելու համակարգի «աքիլլեսյան գարշապարն» է:



© NEWS.am Medicine