3 խորհուրդ քաղցկեղով տառապող երեխաների ծնողներին

23:46   15 փետրվարի, 2017

Շատ ծնողներ իմանալով, որ իրենց երեխայի մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերվել, շփոթվում են՝ չիմանալով ինչ անել եւ ինչպես իրենց պահել։ Օնկոհոգեբան Ալիսա Քամալյանը նման ծնողներին երեք խորհուրդ է տալիս։

1. Խոսե՛ք երեխայի հետ

Նախ՝ պետք է խոսել երեխայի հետ։ Հոգեբանը կարծում է, որ երեխան պետք է իմանա իր ախտորոշման մասին։ Եթե երեխան իմանա, թե ինչ է կատարվում իր հետ, ինչպիսի հիվանդության դեմ է պայքարում եւ ինչու է այդ բուժումն անհրաժեշտ իրեն, իրեն ավելի գիտակից կպահի, ինչպես նաեւ ամեն ինչ կանի՝ բուժման գործընթացը հեշտացնելու համար։

Հոգեբանը նշել է, որ ծնողները պետք է պետք է հնարավորինս հաճախ խոսեն երեխայի հետ, հասկանան՝ ինչն է նրան անհանգստացնում, ինչի մասին է նա մտածում։ Մասնագետի խոսքով՝ Հայաստանում երեխաների եւ ծնողների միջեւ շփման լուրջ խնդիր կա։ Երբեմն լինում է, որ երեխան ամիսներ շարունակ տառապում է ցավից, սակայն ծնողներն այդ մասին չգիտեն։

2. Մի՛ մոռացեք ձեր մյուս երեխաների մասին

Շատ հաճախ, երբ ընտանիքում երեխաներից մեկի մոտ քաղցկեղ է ախտորոշվում, ծնողները մոռանում են նրա քույրերի ու եղբայրների մասին՝ ամբողջությամբ կենտրոնանալով հիվանդ երեխայի վրա։ Ըստ հոգեբանի՝ դա սխալ է, քանի որ մյուս երեխաներն էլ ուշադրության կարիք ունեն, իսկ եթե նրանք ճշգրիտ տեղեկություն չունենան ընտանիքում կատարվող իրադարձության մասին, հետագայում վեճերը կարող են անխուսափելի լինել։

Հոգեբանը նշել է, որ երեխաների մոտ ծագած հարցերին պետք է առավելագույնս հստակ պատասխանել, ինչպես նաեւ նրանք պետք է տեղյակ լինեն իրենց եղբոր կամ քրոջ հիվանդության մասին։

3. Գրագետ տեղեկություն փնտրեք

Այսօր հաճախ կարելի է սխալ տեղեկատվության հանդիպել քաղցկեղածին հիվանդությունների մասին։ Պետք չէ վստահել չստուգված աղբյուրներին, հատկապես համացանցին։ Որոշ աղբյուրներ կարող են ձեզ մոլորության մեջ գցել։

Եթե հարցեր ունեք, բժշկին դիմեք։ Մի՛ ամաչեք հարցնել այն ամենի մասին, ինչ ձեզ հետաքրքում է։ Բացի այդ, որքան շատ հավաստի տեղեկություն ունենաք, այնքան ավելի ճիշտ որոշումներ կկարողանաք ընդունել։



© NEWS.am Medicine