Լեյկոզի ախտանիշները երեխաների մոտ՝ ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները

21:03   15 փետրվարի, 2017

Լեյկոզը (լեյկեմիան) արյունաստեղծ օրգանների ու արյան չարորակ հիվանդություն է, որը բնութագրվում է ոսկրուղեղի, արյան ու ներքին օրգանների մեջ պաթոլոգիական բջիջների աճով։ 100 000 երեխաներից 3-5-ը հիվանդանում է լեյկոզով մինչեւ 15 տարեկան դառնալը։

Մանկական լեյկոզի հիմնական ախտանիշների մասին լրագրողներին պատմել են ԱՆ գլխավոր արյունաբան, Արյունաբանության կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը ու այդ նույն կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Լալա Վաղարշակյանը։

Քանի որ այս ախտանիշներից շատերը կարելի է հեշտությամբ չնկատել՝ երբեմն էլ այդ ախտանիշներն այլ հիվանդության հետ շփոթել՝ ծնողները պետք է բավականաչափ ուշադիր լինեն իրենց երեխաների հանդեպ, նկատեն նրանց վարքագծում ու ինքնազգացողության մեջ բոլոր փոփոխությունները ու ժամանակին նրանց տանեն բժշկի։ Առաջնային օղակի բժիշկներն էլ իրենց հերթին պետք է ուշադիր լինեն ու տիրապետեն թարմ գիտելիքների, որպեսզի ժամանակին կասկածեն երեխայի մոտ չարորակ հիվանդություն ու նրան մասնագիտացած կենտրոն ուղարկեն։

Արյունաբան-ուռուցքաբան Անահիտ Զախարյանն էլ իր հերթին նկատեց, որ հայ ծնողների մեծ մասն իրականում բավականին ուշադիր է իր զավակների նկատմամբ, ինչի շնորհիվ վերջին տարիներին չի եղել դեպք, որ արյան չարորակ հիվանդությունները երեխաների մոտ արդեն բարձիթողի վիճակում ախտորոշվեն։

 



© NEWS.am Medicine