Մեծահասակ կանայք ավելի խելացի եւ հաջողակ երեխաների են լույս աշխարհ բերում

13:03   16 փետրվարի, 2017

Մեծահասակ կանայք հաճախ ավելի խելացի եւ հաջողակ երեխաների են լույս աշխարհ բերում, քան 20 տարեկանում ծննդաբերած կանայք: Այդ պատճառով մասնագետներն այսօր խորհուրդ են տալիս չշտապել մայրանալու հարցում:

Բազմաթիվ ժամանակակից կանայք կենտրոնանում են կարիերայի ուղղությամբ, որոշակի հաջողությունների հասնում կյանքում եւ հետո միայն, արդեն 30 տարեկանից հետո, մտածում ընտանիքի ու երեխաների մասին: Այդ ընթացքում նրանք բավական ռեսուրսներ եւ գիտելիք են կուտակում՝ լավ երեխա դաստիարակելու եւ նրան անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար: Հավանաբար, այս ամենի արդյունքում էլ նրանց երեխաներն ավելի բարձր ինտելեկտ են ունենում, քան երիտասարդ մայրերի երեխաները:

London School of Economics and Max Planck Institute for Demographic Research-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ մեծահասակ կանանց 10-11 տարեկան երեխաների մոտ մտավոր գործունեության ավելի արտահայտված ունակություն, կենտրոնացում եւ ընթերցանության հանդեպ սեր է նկատվել:

Վերլուծությունը նաեւ ցույց է տվել, որ մեծահասակ մայրերը, որպես կանոն, լավ կրթություն են ունենում, հղիության ընթացքում հազվադեպ են ծխում: Այս ամենը նպաստում է երեխայի ինտելեկտի զարգացմանը ե՛ւ սոցիալ-տնտեսական, ե՛ւ ֆիզիոլոգիական տեսանկյունից:

Նախորդ հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ մեծահասակ մայրերի երեխաներն առանձնանում են ամուր առողջությամբ: Գիտնականները սա կապում են այն հանգամանքի հետ, որ նման կանայք ավելի շատ գիտելիք եւ կենսափորձ ունեն, այդ պատճառով ճիշտ են խնամում երեխաներին:



© NEWS.am Medicine