5 մատչելի մթերք, որոնք պետք է ներառվեն ձեր սննդակարգում

14:28   16 փետրվարի, 2017

Բրիտանական սնունդի ինստիտուտի գիտնականները 5 մատչելի մթերքների ցուցակ են կազմել, որոնք առոջության համար շատ օգտակար են եւ պետք է մտնեն յուրաքանչյուր մարդու սննդակարգի մեջ:

Հետազոտության արդյունքներով «մատչելի մթերքների» մեջ են մտել բուլղարական պղպեղը, քնջութը, ծովակաղամբը, քրքումը եւ սնկերը:

Փորձագետների խոսքով՝ բուլղարական պղպեղը մեծ քանակությամբ A, B եւ C վիտամիններ, հակաօքսիդանտներ եւ այլ օգտակար նյութեր է պարունակում: Այս նյութերի շնորհիվ պղպեղն ամրացնում է իմունային համակարգը եւ օրգանիզմին օգնում դիմակայել քաղցկեղային ուռուցքների առաջացմանը:

Քնջութը ցուցակում է հայտնվել օգտակար եւ արագ յուրացվող բուսական ճարպերի առատության շնորհիվ: Այն նաեւ պարունակում է А, С, Е եւ В խմբի վիտամիններ, հանքանյութեր՝ մագնիում, ցինկ, ֆոսֆոր, երկաթ եւ կալցիում: Դրա հետ մեկտեղ, քնջութը կալիորիական է՝ 100 գրամ քնջութում 560 կԿալ կա, իսկ 100 գրամ քնջութի յուղում՝ 884 կԿալ, ավելի, քան կարագի մեջ:

Ծովակաղամբը բրոմի, կալիումի, երկաթի, մագնիումի, ֆոլաթթվի եւ այլ թթուների լավ աղբյուր է: Սակայն ի տարբերություն նախորդ մթերքների, Հայաստանում այնքան էլ հեշտ չէ ծովակաղամբ գտնել, որքան ցանկալի կլիներ:

Քրքումը հանրահայտ համեմունք է, որը կանխում է անոթներում արյան թանձրացումը եւ բարենպաստ է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա:

Ինչ վերաբերում է սնկերին, ապա դրանք օրգանիզմ են մատակարարում սպիտակուցներ եւ հանքանյութեր, նաեւ պաշտապանում են անոթային պատոլոգիաներից: Հետաքրքիր է, որ սնկերը կալորիաներ քիչ են պարունակում, բայց բավական շատ են պարունակում օրգանիզմին անհրաժեշտ սնուցող նյութեր:



© NEWS.am Medicine