Ինչպե՞ս է ասպիրինը քաղցկեղից պաշտպանում

21:14   16 փետրվարի, 2017

Երկար տարիներ ասպիրինն ավանդաբար օգտագործվում է ցավերի եւ բորբոքումների բուժման եւ ջերմությունն իջեցնելու համար: Սակայն գիտնականները հիմա պնդում են, որ ասպիրինի ամենօրյա ընդունումը կօգնի կանխել քաղցկեղային ուռուցքների առաջացումը:

Նախկինում արդեն պարզվել է, որ ասպիրինը նվազեցնում է քաղցկեղի առանձին տեսակների առաջացման հավանականությունը: Այժմ Veterans Affairs-ի (Թեքսաս, ԱՄՆ) գիտնականները պարզել են, թե ասպիրինն ինչպես է հատկապես գործում:

Պարզվում է՝ ասպիրինը փոխազդում է թրոմբոցիտների հետ, որոնց դերը թրոմբների ձեւավորման հաշվին արյունահոսություն թույլ չտալն է: Թրոմբոցիտների եւ ասպիրինի հենց այս փոխազդեցությունն է արգելակում ուռուցքների աճը: Թրոմբոցիտները նոր արյունատար անոթների ձեւավորմանը նպաստում են այն բանից հետո, երբ թրոմբ է ձեւավորվում: Սակայն այս նույն պրոցեսը ուռուցքներին օգնում է ապրել եւ աճել: Ասպիրինը  խախտում է արյան նորմալ մակարդման պրոցեսը՝ «անջատելով» առանցքային COX-1 էնզիմը եւ դրանով իսկ արգելակելով թրոմբոցիտների եւ քաղցկեղային բջիջների փոխազդեցությունը:

Հարկ է նշել, որ հետզոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են ասպիրինի եւ ֆոսֆատիդիլխոլինի (լիպիդների տեսակ, որը պարունակվում է սոյայի լեցիտինում) հատուկ խառնուրդ: Երկրորդ բաղկացուցիչը թույլ է տալիս նվազեցնել աղեստամոքսային համակարգին ասպիրինի հասցրած վնասը: Խառնուրդը կոչվում է Aspirin-PC/PL2200:  Գիտնականները հոույս ունեն, որ այն կմտցնեն հակաքաղցկեղային բուժման շրջանակների մեջ:

Նշենք, որ Բրիտանիայի Newcastle եւ Leeds համալսարանների գիտնականների  վերջերս իրականացրած հետազոտություններով պարզվել է, որ ասպիրինի ամենօրյա ընդունումը կարող է նվազեցնել ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ մարդկանց աղիների քաղցկեղի առաջացման հավանականությունը: Իսկ Քարդիֆի համալսարանի գիտնականները հայտնել են, որ ասպիրինի ամենօրյա օգտագործման առավելությունները գերազանցում են թերությունները, ինչպիսին են օրինակ՝ ստամոքսի հնարավոր արյունահոսությունները:



© NEWS.am Medicine