Դեղատներին 6 780 000 դրամով տուգանել են չգրանցված դեղերի վաճառքի պատճառով.ՀՀ ԱՆ

17:49   16 փետրվարի, 2017

2016-ի դեկտեմբերին Հայաստանի դեղատներում Առողջապահության պետական տեսչության անցկացրած ստուգումների ընթացքում 6 780 000 դրամ ընդհանուր գումարով տուգանք է սահմանվել: Այսօրվա դրությամբ այդ գումարից վճարվել է 600 հազար դրամը: Այս մասին նշված է  ստուգումների արդյունքների մասին NEWS.am Medicine-ի հարցմանն ուղարկված Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանի պատասխանում: Մեր տեղեկություններով՝ ստուգվել էին միայն Երեւանի դեղատները:

Հաղորդագրության մեջ նշված է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի 2016 թվականի դեկտեմբերի 1-ի հանձնարարականի հիման վրա Առողջապահության պետական տեսչությունը վարչական վարույթ է սկսել՝ «կեղծված եւ նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու» նպատակով:

«Հարուցված վարչական վարույթների արդյունքում.

Թվով 45 կազմակերպություններում հայտնաբերվել են 196 անվանում չգրանցված դեղեր: Թվով 47 կազմակերպությունների տնօրենների նկատմամբ ընդհանուր առմամբ կիրառվել է 6 780 000 դրամի տուգանք: Թվով 6 կազմակերպությունների տնօրենների կողմից նշանակված տուգանքները վճարվել են՝ ընդհանուր 600 հազար դրամ (յուրաքանչյուրը՝ 100 հազար դրամ): Թվով մեկ տուգանք բողոքարկվել է Հայաստանի Վարչական դատարանում»,- նշված է ԱՆ պատասխանում:

Մինչդեռ, մեր տեղեկություններով, Վարչական դատարան հայցեր են ներկայացրել եւ պատրաստվում են ներկայացնել եւս մի քանի կազմակերպություններ: Բանն այն է, որ դեղատներն այդ «չգրանցված» դեղերը միանգամայն օրինական հիմքերով ձեռք են բերել ներմուծողներից եւ չեն հասկանում, թե ինչու են իրենց տուգանում, այլ ոչ թե ներմուծողներին:

Մեզ հետ զրուցած դեղատների սեփականատերերի խոսքով՝ իրենք ի վիճակի չեն ամեն անգամ հարյուրավոր անուն դեղերը ստուգել  Փորձագիտական կենտրոնի կայքում, ինչպես իրենց առաջարկում է Առողջապահության նախարարությունը: Ի դեպ, ներմուծողներն էլ պնդում են, որ դեղերը չգրանցված չեն, քանի որ կան ԱՆ կայքում հրապարակված դեղերի պետական գրանցամատյանում:

Դեկտեմբերի վերջին առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, մեկնաբանելով դեղատների սեփականատերերի դժգոհությունները, հայտարարել էր, որ կաշառքի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն ե՛ւ տվողը, ե՛ւ վերցնողը, եւ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարել էր դրույթ մշակել չգրանցված դեղերի ներմուծումն ու վաճառքը քրեականացնելու մասին:



© NEWS.am Medicine