Ի՞նչ վտանգներ են պարունակում մեր բարձերը

11:58   17 փետրվարի, 2017

Բազմաթիվ մարդկանց ամբողջ տարին տանջում են հազը, կոկորդում չորությունը, աչքերում անընդհատ արցունքը: Բժիշկ Լիզա Օքերլիի պնդմամբ՝ սրանք կարող են բարձերում բնակություն հաստատող մանրադիտակային տզերի կենսագործունեության արդյունք լինել:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մաշկի միլիոնավոր մեռած բջիջներ ամեն օր հայտնվում են մեր անկողնու սպիտակեղենի վրա, իսկ այդ բջիջներով սնվում են տզերը: Բայց քչերը գիտեն, թե այդ բջիջները որքան շատ են մեր բարձերում: Լիզա Օքերլիի խոսքով, եթե ձեր բարձը երկու տարեկան է, դրա քաշի 10%-ը կարող են տզերն ու մաշկի մեռած բջիջները կազմել:

Տզերն անվտանգ են, բայց դրանց կենսագործունեության արտադրանքում Էնզիմ կա, որոնք որոշ մարդկանց մոտ ալերգիա են առաջացնում:

«Ասթմայի առկայության դեպքում տզերի «կղանքի» պատճառով հիվանդի վիճակը կարող է վատանալ: Դրանց պատճառով մեզ մոտ կարող է մշտական հարբուխ, աչքերում քոր եւ հազ լինել»,- նշել է Լիզա Օքերլին:

Եթե տզերից ալերգիայի նախանշաններ չկան, ապա անհանգստանալու կարիք նույնպես չկա: Իսկ եթե նշված նախանշաններն առկա են, հարկավոր է գործել. բացի կանոնավոր տան մաքրությունից (որքան քիչ փոշի, այնքան լավ) եւ բարձերը լվանալուց, մասնագետները խորհուրդ են տալիս առավոտյան անկողինը չհավաքել: Բանն այն է, որ տզերը սիրում են ջերմություն եւ խոնավություն: Այդ պատճառով հարկավոր է արթնանալուց հետո որոշ ժամանակ չհավաքել անկողինը, որպեսզի այն չպահպանի խոնավությունը: Անկողնային սպիտակեղենը հարկավոր է լվանալ նվազագույնը 60 աստիճանով:

Բարձերը նույնպես պետք է կանոնավորապես լվանալ եւ լավ չորացնել, այդ թվում՝ վարսահարդարիչի օգնությամբ: Հարմար սառցարանի առկայության դեպքում բարձերը կարելի է նաեւ սառեցնել. ցածր ջերմաստիճանում տզերը չեն կարող ապրել:



© NEWS.am Medicine