Գազավորված ըմպելիքներն ու պիցցան երեխաների մոտ կարող են լյարդի ծանր հիվանդություններ առաջացնել

14:18   17 փետրվարի, 2017

Գազավորված ըմպելիքների, պիցցայի, քաղցրեղենի, յոգուրտների եւ ֆրուկտոզա պարունակող այլ մթերքների կանոնավոր օգտագործումը երեխաների մոտ լյարդի հիվանդությունների առաջացման հավանականությունը մեծացնում է: Այս մասին հայտնում են Bambino Gesu Hospital-ի (Իտալիա) մասնագետները:

Գիտնականների խոսքով՝ այս մթերքներում պարունակվող ֆրուկտոզան արյան մակարդի մեջ մեծացնում է միզաթթվի խտությունը: Խոսքը, սակայն, վերաբերում է նշված մթերքների մեջ ավելացված ֆրուկտոզային, այլ ոչ թե մրգերում եւ բանջարեղենում պարունակվող:

Հետազոտության ընթացքում գիտնականները հետազոտել են լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության առաջացման հավանականության գործոնները: Այս հիվանդության դեպքում ալկոհոլը չչարաշահող մարդկանց լյարդում ճարպային շերտեր են կուտակվում: Մոտավոր գնահատականներով՝ այս հիվանդությամբ, որի փուլերից մեկը ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտն է, ամբողջ աշխարհում տառապում է երեխաների 9,6 տոկոսը:

Հետազոտությամբ պարզվել է, որ միզաթթուն ավելի հաճախ բարձր է լինում ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտով մարդկանց մոտ: Գիտնականների խոսքով՝ դա կարող է նշանակել, որ միզաթթվի մեծ պարունակությունը եւ ֆրուկտոզա պարունակող մթերքների օգտագործումը կարող են երեխաների մոտ լյարդի ոչ ալկոհոլային հիվանդությունների առաջացման վտանգի գործոն համարվել:

Հիշեցնենք, որ նախորդ հետազոտություններով նույնպես հաստատվել է սննդամթերքի մեջ ավելացվող ֆրուկտոզայի վտանգավորությունը. ըստ University of Barcelona-ի հետազոտողների՝ մրգերում եւ բանջարեղենում պարունակվող ֆրուկտոզան առողջության համար վտանգավոր չէ, սակայն ըմպելիքների եւ քաղցրեղենի մեջ պարունակվող ֆրուկտոզան մեծացնում է շաքարախտի, սիրտ-անոթային հիվանդությունների, կաթվածների եւ շատ այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը:



© NEWS.am Medicine