Հնարավոր է՝ շուտով մալարիայի դեմ արդյունավետ պատվաստանյութ հայտնվի

15:29   17 փետրվարի, 2017

Տյուբինգենի (Գերմանիա) Հասարակածային բժշկության ինստիտուտի հետազոտողների միջազգային խմբի մշակած մալարիայի դեմ նոր պատվաստանյութի արդյունավետությունը հաստատվել է կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլում: Պատվաստում ստացած մարդիկ մալարիայից լիովին պաշտպանված են:

Փորձին 67 առողջ կամավոր է մասնակցել, որոնք հիվանդության դեմ իմունիտետ են ձեռք բերել, որը նվազագույնը 10 շաբաթ պահպանվել է: Կողմնակի լուրջ էֆեկտներ չեն նկատվել: Այդուհանդերձ, սա ընդամենը կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլն է, եւ պատվաստանյութն առայժմ պրակտիկայում չի կարող օգտագործվել:

Հիշարժան է, որ սա մալարիայի դեմ առաջին պատվաստանյութը չէ, որն ապացուցել է իր արդյունավետությունը: Անցյալ տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ Mosquirix-ի (մալարիայի դեմ առաջին պատվաստանյութը, որը պաշտոնական արտոնագիր է ստացել) օգտագործմամբ պիլոտային ծրագիրը 2018 թվականին մեկնարկելու է աֆրիկական երեք երկրներում: Երեխաների մասնակցությամբ հետազոտությունների ընթացքում Mosquirix պատվաստանյութը միայն 50 տոկոսով է արդյունավետ եղել, սակայն գիտնականները կարծում են, որ մինչեւ 2018 թվականը արդյունավետությունը կարելի է մեծացնել՝ մի փոքր չափաքանակը փոխելով:

Եվս մեկ՝ Sanaria® PfSPZ-CVac նոր պատվաստանյութը վերջերս հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը: Մասնագետների գնահատմամբ՝ այս պատվաստանյութը նույնպես շատ հեռանկարային է, եւ չնայած նրա վրա դեռ շատ պետք է աշխատել, այն կարող է նույնիսկ ավելի արդյունավետ լինել, քան Mosquirix-ը:



© NEWS.am Medicine