1.5 ամսում իրականացվել է վնասվածքների վիրաբուժական բուժման պետպատվերի 40 տոկոսը

16:31   17 փետրվարի, 2017

2017-ի առաջին մեկուկես ամսում Վնասվածքաբանության եւ Օրթոպեդիայի գիտական կենտրոնում իրականացվել է վնասվածքների վիրաբուժական բուժման պետպատվերի 40 տոկոսը։ Այս մասին լրագրողներին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը։

Նրա խոսքով՝ այդ մեկ ու կես ամսում կենտրոն են դիմել 138 հիվանդներ, որոնցից 88-ը ստացիոնար բուժման կարիք են ունեցել։ 79 (58 տոկոս) հիվանդ այդ ընթացքում տուժել է փողոցների սառցակալման պատճառով։ Ավելին՝ տուժածների 66 տոկոսին տարբեր բարդության վիրահատություն է անհրաժեշտ եղել։

Գլխավոր վնասվածքաբանը նշեց, որ Հայաստանում վնասվածքների բուժման համար կիրառվում է  համավճար՝ ֆինանսական ծախսերի մի մասն իր վրա է վերցնում պետությունը, մյուս մասը՝ հիվանդը։ Սակայն շատ վիրահատությունների ընթացքում գործածվող մետաղե մասերի, ինչպես նաեւ պրոթեզների համար պետք է վճարի հիվանդը։

Մասնագետը նաեւ նշեց, որ վերջերս վնասվածքների  դեպքում հիվանդներն առավել հաճախ դիմում են պոլիկլինիկաներ, քան հիվանդանոցներ։ 2015 թվականին տարբեր վնասվածքներով 42 040 մեծահասակներ, 13 306 երեխաներ եւ 5147 դեռահասներ դիմել են պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ են դիմել միայն 18 247 մեծահասկներ, 5547 երեխաներ եւ 1043 դեռահասներ: 2016-ի տվյալները դեռ պատրաստ չեն:



© NEWS.am Medicine