Չինացի գիտնականները թռչնագրիպի նոր մուտացիա են հայտնաբերել

14:37   20 փետրվարի, 2017

Չինացի համաճարակաբանները թռչնագրիպի H7N9 շտամի նոր ենթատեսակ են հայտնաբերել:

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության չինական կենտրոնի տվյալներով՝ մասնագետները վիրուսի մուտացիա են հայտնաբերել H7N9-ով երկու վարակվածի մոտ: Խոսքը հեմոգլյուտինինի գենոմում փոփոխությունների մասին է: Գրիպի վիրուսի մակերեսային սպիտակուց հեմոգլյուտինինն ապահովում է տեր-բջիջին հիվանդության վարակի հարուցիչի միավորմանը:

Մասնագետների խոսքով՝ առայժմ ապացույցներ չկան, որ H7N9-ի նոր ենթատեսակն ավելի վտանգավոր է, վարակելու ավելի մեծ ունակություն ունի կամ կարող է փոխանցվել մարդուց մարդուն:

Թռչնագրիպի նոր ենթատեսակով վարակված հիվանդներից մեկին արդեն բուժել են, երկրորդը բուժման փուլում է: Բժիշկները երկշաբաթյա կարանտին են սահմանել ավելի քան 100 մարդու համար, որոնք շփվել են հիվանդների հետ, սակայն նրանցից ոչ մեկի մոտ հիվանդության ախտանշաններ չեն հայտնաբերվել:

Անցյալ տարվա դեկտեմբերից մայրցամաքային Չինաստանի տարածքում թռչնագրիպով վարակվելու շուրջ 300 դեպք է արձագրվել, 100-ը՝ մահացու ելքով:



© NEWS.am Medicine