Հազվադեպ հիվանդությամբ տառապող 20-ամյա կինը 60 տարեկանի տեսք ունի (ֆոտո)

19:01   20 փետրվարի, 2017

Երբ Զառա Հարթշորնը 12 տարեկան էր, բոլորը նրան 40 տարեկան կնոջ տեղ էին դնում: Այժմ նա 20 տարեկան է, բայց 60 տարեկան կնոջ տեսք ունի: Զառան մորից հազվադեպ հիվանդություն է ժառանգել՝ դերմատոլիզ (որը հայտնի է նաեւ որպես Ալիբերի դերմատոլիզ եւ խալազոդերմիա), որի հետեւանքով նրա մաշկը կորցնում է առաձգականությունը եւ շատ արագ է ծերանում: Զառայի մայրը ընդամենը 43 տարեկան է, բայց նույն հիվանդության հետեւանքով նրան թոշակառուի պես են ընդունում:

Ներկայումս Զառան բժիշկների հսկողության տակ է, բայց նրանք չեն կարող աղջկան որեւէ բուժում առաջարկել՝ առայժմ արդյունավետ բուժում գոյություն չունի: Զառան եւ նրա մայրը 4 տարի առաջ մաշկի ձգում են կատարել, որի շնորհիվ երկուսն էլ նվազագույն մի քանի տարով ավելի երիտասարդ տեսք են ստացել:

Վիրահատությունը Զառային ինքնավստահություն է հաղորդել, եւ նա սկսել է տղաների հետ հանդիպել, նրա կյանքում առաջին ընկերն է հայտնվել: Սակայն շուտով Զառան հղիացել է, ապա վիժել, որից հետո նա դեպրեսիայի մեջ է ընկել եւ ընկերոջից բաժանվել է: Այդ պահից ի վեր նա վախենում է նոր մարդկանց հանդիպել եւ նոր հարաբերություններ հաստատել:

Դրանից բացի, մաշկի ձգման էֆեկտը ժամանակվոր էր: Այսօր՝ վիրահատությունից 4 տարի անց նրա մաշկը կրկին կախվել է եւ կնճիռներով ծածկվել, ասես ոչ մի ձգում էլ չի կատարվել:

«Դեմքի մաշկի ձգման էֆեկտն անցել է, ինչը հատկապես նկատելի է, երբ ժպտում եմ, եւ դա ինձ դուր չի գալիս: Ես սարսափելի տեսք ունեմ, ինձ ծեր կին եմ զգում: Բայց ես ընդամենը 20 տարեկան եմ եւ ուրախանալ եմ ցանկանում: Ես ուզում եմ 20 տարեկանի նման լինել եւ ինձ 20 տարեկանի նման պահել»,- իր ապրումներն է ներկայացրել Զառան:

Հիվանդությունը ներգործում է ոչ միայն Զառայի արտաքինի, այլեւ նրա թոքերի, սրտի եւ երակների վրա: Բժիշկները նրան հայտնել են, որ հիվանդության հետեւանքով նրա սիրտը կարող է ցանկացած պահի կանգնել, չնայած հետազոտությունների արդյունքներով սրտի վիճակն առայժմ նորմալ է:



© NEWS.am Medicine